Չալաբյանի քրեական գործը նույնիսկ այս իշխանությունների օրոք որևէ հեռանկար չունի. Ավետիք Իշխանյան
Առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Արմեն Պողոսյանի նախագահությամբ, երեկ նորից մերժեց «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոփոխելու միջնորդությունը։ Ավելի վաղ Չալաբյանի փաստաբանները հայտնել էին, որ բավական դրական տպավորություններ են ստացել դատական ընթացքից, ներկայացրել են իրենց փաստարկները, որ Ավետիք Չալաբյանին կալանքի տակ պահելը ապօրինի է և քաղաքական ենթատեքստ ունի, որից հետո դատավորը գնացել էր խորհրդակցական սենյակ։
Հասարակական գործիչ, «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ այստեղ անիմաստ է փնտրել իրավական որևէ խնդիր.
«Սա նշանակում է, որ իշխանությունները դեռևս վտանգ են տեսնում ընդդիմությունից, և Ավետիք Չալաբյանին և մյուսներին կալանքի տակ պահելը ցուցում է վերևից՝ վարչապետի կողմից: Ես համոզված եմ, որ Չալաբյանի քրեական գործը նույնիսկ այս իշխանությունների օրոք որևէ հեռանկար չունի, բայց սա նրանց կողմից օրինակ է, որ ընդդիմադիր գործով զբաղվելը կարող է թեկուզ մի քանի ամսով կալանքի պատճառ հանդիսանալ: Առաջին հայացքից թվում է, թե «Դիմադրություն» շարժումը, գոնե առայժմ, դադարեցրել է իր գործունեությունը, բայց իշխանությունը նրանց բոլոր քայլերից վախենում է և փորձում է սաստել ընդդիմադիր գործիչներին»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Իշխանյանը:
Մարիամ Նալբանդյան