Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվեց Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվեց Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթանակ է տոնել՝ դառնալով այդ նահանգի առաջին ընտրված կին վարչապետը: Այս մասին տեղեկացնում է պատմաբան Ռուբեն Շուխյանը։
Հայուհին 2017-ից արդեն իսկ զբաղեցնում էր Նոր Հարավային Ուելսի վարչապետի պաշտոնը: Այդ ժամանակ Լիբերալ կուսակցության առաջնորդ Մայք Բայրդը հրաժարական էր տվել, և կուսակցության անդամները միաձայն նոր առաջնորդի և նահանգի ղեկավարի պաշտոնում ընտրել էին հենց Գլեդիսին:
«Ես անասելիորեն հպարտ եմ այն վայրի համար, որտեղ մենք ապրում ենք: Եվ ամենակարևորն ինձ համար այն է, որ անկախ նրանից, թե ինչ ծագում ունես, որտեղ ես ապրում ու ինչ պայմաններում՝ այս նահանգում յուրաքանչյուրն ունի հնարավորություն լինելու լավագույնը»,- ասել է Բերեջիկլյանը հաղթանակից հետո իր կողմնակիցների առջև ունեցած ելույթում:
Նշենք, որ Գլեդիսն ազատ խոսում է հայերեն և սերտ կապեր է պահպանում Ավստրալիայի հայ համայնքի հետ։ Իսկ Նոր Հարավային Ուելսը՝ բնակչությամբ Ավստրալիայի խոշորագույն նահանգն է, որի մայրաքաղաքը երկրի ամենամեծ՝ Սիդնեյ քաղաքն է: