Շատ վտանգավոր վիճակ է. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հորդորեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանն ակտիվացնել հակահրդեհային կանոնների իրազեկման աշխատանքները: Վարչապետ Փաշինյանը նկատեց, որ օդի ջերմաստիճանի զգալի բարձրացմամբ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել ու այդ համատեքստում շատ կարևոր են կանխարգելիչ միջոցառումները:
«Կարևոր գործոնը մեր քաղաքացիների մոտեցումն է, նրանց վարքագիծը բնության գրկում: Խնդրենք մեր քաղաքացիներին, որ խստորեն պահպանեն հակահրդեհային կանոնները: Դրանից բացի, ուշադիր լինեն, քանի որ ապակե տարրաներ բնության գրկում թողնելը վտանգավոր է: Արտակարգ իրավիճակների նախարարությունը պետք է ակտիվացնի կանխարգելիչ աշխատանքներ, պատրաստ լինի օպերատիվ արձագանքի: Նախորդ տարի երկու ուղղաթիռ ենք ձեռք բերել, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ: Արդեն փորձարկումներ իրականացվել են, պետք է համոզվել՝ անձնակազմը պատրաստ է, թե, ոչ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա հորդորեց պարբերաբար հանրային իրազեկում կատարել՝ օգտագործելով լրատվամիջոցները, սոցիալական ցանցերը:
«Մեկ անգամ ասելով չէ, պետք է անընդհատ այս ուղերձը տրվի: Շատ վտանգավոր վիճակ է, ու ամեն ինչ պետք է անենք, որ վատ զարգացումներ չլինեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը նշեց, որ օդի ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված հրատապ նիստ է հրավիրվել, այս օրերին կաշխատեն ուժեղացված ռեժիմով: