Ինչ իրավիճակ է հրետակոծության ենթարկվող գյուղերում
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Գեղարքունիքի մարզի Նորաբակ վարչական շրջանի ղեկավար Վազգեն Ասատրյանը «Հրապարակին» տեղեկացրեց, որ այսօր առավոտյան՝ 07.30-ից 09.30-ը ընկած հատվածում թշնամին հրետանային հարվածներ է հասցրել հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս պահին,սակայն, հանգիստ է։ Ասատրյանը նշեց, որ չնայած թշնամու գրոհներին՝ գյուղի տները չեն վնասվել։
Նույն մարզի Կութ բնակավայրի վարչական ղեկավար Գրիգոր Ավագյանն էլ ասաց, որ թշնամին պատերազմը սկսելու գիշերը՝ դեռևս սեպտեմբերի 12-ին է հրետանի կիրառել։ «Թշնամին հրետանիով կրակ է վարել անմիջապես գյուղի ուղղությամբ։ Հարվածների հետևանքով գյուղում կան ավերածություններ, թեթև վիրավորում է ստացել մեր գյուղի բնակիչներից մեկը»,-ասաց Կութի ղեկավարը։
Այս պահին գյուղացիների մի մասն է միայն մնացել գյուղում։ Գյուղի տղամարդիկ էլ մարտական հերթապահություն են իրականացնում։ Թշնամու հրետակոծության հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարերը՝ Կութում այս պահին էլեկտրականություն չկա։
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում շարունակում են լսվել Իշխանասար բարձունքի ուղղությամբ հրետակոծության ձայները։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արարատ Աղաբեկյանը՝ Աշխարհապետը։ Նա նշեց, որ Գորիս համայնքում ադրբեջանցիների դիրքային որևէ փոփոխություն չկա։ Աշխարհապետը տեղեկացրեց նաև, որ այս պահին համայնքի Շուռնուխ, Բարձրավան, Որորտան գյուղերում հանգիստ է, սակայն բնակչությունը զգոն է ու պատրաստ` ցանկացած զարգացումների։ Նույնն է իրավիճակը նաև Գորիսի Կոռնիձոր և Ներքին, Վերին Խնձորեսկ բնակավայրերում։
«Իշխանասարի ուղղությամբ մեկումեջ՝ անընդհատ կրակում են, ձայները լսում ենք։ Հնարավոր է, որ Գրադով էլ կրակելուց լինեն» ,- ասաց Աշխարհապետը։
«Հրապարակի» հետ զրույցում Սիսիանի բնակիչ, ազատամարտիկ, արվեստագետ Աշոտ Ավագյանն էլ ասաց, որ տեղեկություններ կան, որ թշնամին Ծղուկի մոտ Կանալ կոչվող տարածքն է գնդակոծում, որը ճանապարհից մոտ 5 կմ բարձրության վրա է գտնվում։
«Առավոտյան 05.30-ից սկսվել է փոխհրետակոծությունը, բավականին ակտիվ էր, մի ժամ առաջ է դադարել: Տեղեկություններ կան, որ մեր հրետանու փայլուն աշխատանքի շնորհիվ Ծիծեռնաքար կոչվող տարածքից թշնամուն փոքր ինչ հետ են շպրտել»,-ասաց Ավագյանը։
Սիսիանի Անգեղակոթ գյուղում խուճապ չկա, երիտասարդներն էլ իրենց օգնությունն են առաջարկում, ասաց Անգեղակոթի ղեկավար Արմենակ Մարկոսյանը։
«Մեր գյուղի ուղղությամբ էլ են կրակում, բայց բոլորս շատ մարտական ենք տրամադրված»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց Իշխանասարի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը։ Նա ասաց, որ հստակ լսում են հրետակոծության ձայները, որոնք գալիս են Իշխանասարի կողմից։
Փորձեցինք կապ հաստատել նաև Սյունիքի մարզի Տեղ համայնքի գյուղերի՝ Խնածախի և Խոզնավարի հետ, սակայն չհաջողվեց։