Դատավորի մասով ԲԴԽ նախագահն իրավապահներին նախնական համաձայնություն է տվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք դատարաններում բազմապիսի վերաձեւավորումներ եղան: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի ջանքերով առանձնացան դատավորներ, որոնք քննում են բացառապես մինչդատական վարույթների գործերը: Մասնագիտական հանրույթը այդ դատավորներին որակել է իբրեւ իշխանության համար կալանք տվող դատավորներ: Եւ, ահա, այդպիսի դատավորներից մեկը՝ Արուսյակ Ալեքսանյանը, որ հոկտեմբերի 17-ին ձերբակալվեց, թեեւ իշխանությունների հրահանգները անվրեպ կատարել է, բայց դարձավ նույն իշխանության համար կոռուպցիայի դեմ պայքարի վիճակագրություն:
Վանաձորի հաղթած քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանին, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին իշխանության պատվերով կալանավորած դատավոր Ալեքսանյանին կալանավորելուց առաջ ՀՀ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին իրավապահները նախապես տեղյակ են պահել: «Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ նախնական համաձայնություն ԲԴԽ նախագահը տվել է իրավապահներին, որ ԲԴԽ-ն կթույլատրի կալանավորել դատավորին:
Եւ այդ վստահությամբ էլ երեկ երեկոյան սկսվեց դատավորի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության քննարկումը: Ճակատագրի հեգնանքով իր գործընկերոջը կալանավորելու կամ ազատ արձակելու հարցը քննում էր «կալանք տվող» մեկ այլ դատավոր Արշակ Մաթեւոսյանը։ Երեկ՝ թերթը տպարան ուղարկելու ժամանակ, դեռ որոշում առկա չէր։
Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում