«Միջանցքի տակ հենց Փաշինյանի ստորագրությունն է». Չալաբյան
Հայաստանի գործող իշխանությունները հիմա փորձելու են հիմնավորել, որ Զատուլինը խոսել է Հայաստանի տարածքով միջանցք տրամադրելու մասին, և որ Ռուսաստանի Դաշնությունը ընդհանրապես ճնշում է գործադրում Հայաստանի վրա միջանցքի հարցում:
«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն է արել այս արձանագրումը։
Նրա խոսքով, Ցավալի իրականությունն այն է, որ այդ միջանցքը Ադրբեջանին խոստացված է նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագրով (թեև այն այդպես չի կոչվում, բայց նկարագրությունը համապատասխանում է դրան), և դրա տակ հենց Փաշինյանի ստորագրությունն է: «Եթե մենք ցանկանում ենք դրանից իսկապես հրաժարվել (իսկ պետք է ի վերջո հրաժարվենք), ապա պետք է ռազմականացնել մեր երկիրը, ամրացնել և արդիականացնել բանակը, և հետ շպրտել Ալիևին մեր բոլոր տարածքներից՝ այդ դեպքում նրա ուժային շանտաժը այլևս չի գործի, և ոչ ոք չի կարողանա մեզ ստիպել նրան «միջանցք» տրամադրել»,- ասել է Չալաբյանը:
Ըստ հասարակական-քաղաքական գործչի, հակառակ դեպքում, եթե այս իշխանությունը անարգել շարունակի ինքն իրեն պարգևավճարներ ու ասֆալտի տենդերներ բաժանել, բանակի հաշվին ուռճացնել ոստիկանությունը, կալանավորել իր քաղաքական հակառակորդներին, երկրի մուտքը արգելել հայկական շահերի համար պայքարած հայազգի և օտար գործիչների համար, 150 000 դոլարով քաղաքացիություն տալ թշնամիներին, մոտ ապագայում մենք ոչ միայն «միջանցքը» կտանք, այլև ողջ երկիրը կդառնա թուրքական միջանցք, մենք էլ սեփական երկրում՝ այդ միջանցքում ծվարած խեղճ տնվոր:
Լինա Արամյան