Չկարողանալով մարսել այդպիսի ապտակը, Փաշինյանի սպասարկուները երեկ նորից ձերբակալել են Մանուչարյանին. Չալաբյան
Արձագանքելով Բերդի նախկին քաղաքապետ Հարություն Մանուչարյանի ձերբակալելուն՝ Ավետիք Չալաբյանը գրում է.
«Հարություն Մանուչարյանին ես ծանոթացել եմ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որտեղ յուրաքանչյուրս գտնվում էինք գործող վարչակարգին և նրա պարտվողական քաղաքականությանը ընդդիմանալու պատճառով: Հարությունը ինձնից շատ ավելի երկար մնաց անազատության մեջ, տառացիորեն մեկ ամիս առաջ դուրս գալով ազատության:
Մինչ այդ, գտնվելով կալանավայրում, նրա գլխավորությամբ գործող թիմը կարողացել էր հաղթել ՔՊ-ին Բերդի տարածաշրջանի ՏԻՄ ընտրություններում, ստանալով ժողովրդի վստահության աներկբա քվեն, հաղթելուց հետո կարողացել էր դիմակայել բոլոր հնարավոր և անհնար ճնշումներին, և երկու օր առաջ իր կազմից նոր համայնքապետ էր ընտրել:
Չկարողանալով մարսել այդպիսի ապտակը, Փաշինյանի սպասարկուները երեկ նորից ձերբակալել են Հարություն Մանուչարյանին, հերթական անգամ ի ցույց դնելով իրենց բնազդային վախերը և քաղաքական անզորությունը:
Իմ զորակցությունը հայտնելով Հարություն Մանուչարյանին և իր թիմին, հաստատում եմ իմ հանձնառությունը՝ պայքարել ոչ միայն իր ազատության համար, այլև որ Հայաստանում երբեք այլևս չլինեն քաղաքական բանտարկյալներ: Մինչ այդ, ուժ ու տոկունություն եմ ցանկանում Հարությունին, և ամուր կամք՝ հաղթահարելու հերթական փորձությունը»: