«Ամոթալի է». Մանե Թանդիլյանը արձագանքել է Արսենյանի հայտարարությանը
«Ադրբեջանը Արցախում և Հայաստանում չպետք է օրակարգ որոշի»,-այս մասին «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն է ասել օրերս տրված հարցազրույցում՝ հույս հայտնելով, թե այն ուժերը, որոնք հակված են ընտրվելու Ադրբեջանի կողմից թելադրվող օրակարգերին` ուշքի կգան։
Խոսելով Ռուբեն Վարդանյանի հրաժարականի մասին լուրերի և Արցախի իշխանությունների հետ հակասությունների մասին՝ Մանե Թանդիլյանն ասել է. «Արցախի նախագահն իր դերակատարումն ունի, պետնախարարն՝ իր, ես կարծում եմ, որ պետք է աշխատեն համերաշխ և բնականոն, հատկապես փորձեն ներքին քաղաքական ցնցումներից հանել Արցախի Հանրապետությունը: Այս իրավիճակում ցնցումների տանել քաղաքական անհաշտության կամ համաձայնության հետևանքով, անթույլատրելի է: Ընդհակառակը, պետք է համատեղել բոլորի կարողությունները»։
Թանդիլյանը նաև անդրադարձել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությանը։ Արսենյանը հայտարարել էր, թե առաջնահերթությունները սխալ են դնում՝ անընդհատ խոսելով Արցախի 120 հազար բնակչության մասին, մինչդեռ Հայաստանում էլ 3 միլիոն բնակիչ է ապրում։
Մանե Թանդիլյանի գնահատմամբ՝ իշխանական պատգամավորի հայտարարությունը հանցավոր միտք է, վաղը որ Սյունիքի վրա հարձակվեն, Արսենյանն ասելու է` 200 հազարը կարևոր չէ, 2,8 միլիոնն է կարևոր, հետո Վայոց ձորի դեպքում ի՞նչ է ասելու,- հարց է տալիս Մանե Թանդիլյանը։ «Նման միտք հնչեցնելը նշանակում է, որ այդ մարդիկ ադեկվատ չեն վերաբերվում Հայաստանում ստեղծված իրավիճակին, ամոթալի է»,- նշել է Մանե Թանդիլյանը։
Անի Սողոյան