Չինաստանն այս տարի 30 տոկոսով կավելացնի արևային էներգիայի արտադրությունը
Չինաստանը 2023 թվականին կավելացնի 95-ից մինչև 120 գիգավատ արևային էներգիայի արտադրություն, ինչը ռեկորդային 30%-ով ավելին է, քան 2022 թվականին,- այդ մասին հայտարարել է արևային էներգիայի արտադրողների չինական ասոցիացիան։
Պաշտոնական տվյալներով՝ աշխարհում արևային էներգիայի խոշորագույն արտադրողը շահագործման է հանձնել 87 գիգավատ նոր արևային էներգիա 2022 թվականին։ 2022 թվականին Չինաստանը արտահանել է 36,3 գիգավատ արևային վահանակներ և 23,8 գիգավատ արևային սարքավորումներ, ինչը 61 և 131 %-ով համապատասխանաբար ավելի է, քան նախորդ տարի։
Արևային էլեկտրակայանների զարգացումը Չինաստանում նախկինի պես բախվում է մի շարք խնդիրների, չնայած ներդրումային ծախսերի որաշակի նվազեցմանը։ Խոչընդոտ են հանդիսանում որոշ տեղական իշխանությունների պարտադիր պահանջները, էներգիայի կուտակիչները տեղակայել արևային ֆերմաների շուրջ, նաև սահմանափակում են հողի և ջրի օգտագործումը։
Պեկինը արևային էներգիայի զարգացմանը զարկ տալու հետ համատեղ նաև պաշտպանում է գյուղատնտեսական ցանքատարածությունները և այդ կապակցությամբ արևային վահանակները տեղադրելու նոր հնարավորություններ է մշակում։ Չինաստանն իհարկե չափազանց մեծ երկիր է և իրեն կարող է թույլ տալ նման շքեղություն, այդուհանդերձ, գրեթե 1,5 միլիարդ բնակչություն ունեցող երկիրը աշխարհի առաջատար արևային էներգիա արտադրողն է և տարեցտարի ավելի է մեծացնում արևային էներգիայի մասնաբաժինը իր էներգետիկ կարողությունների շրջանակներում։
Արևային էներգիայի զարգացումը Չինաստանին թույլ է տալիս որևէ տիպի կախվածության մեջ չգտնվել այլ երկրներից, այլ ընդհակառակը սարքավորումների արտահանման գրեթե մենաշնորհային պայմաններում ինքն է քաղաքական և տնտեսական կախվածության մեջ գցում աշխարհի այլ երկրներին։
Հայաստանն այս առումով չափազանց խղճուկ իրավիճակում է, մեր երկրում արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը» և պետք է լուրջ քայլեր ձեռնարկել, այդ թվում նաև Չինաստանի հետ համագործակցությամբ, արևային էներգիայի զարգացումը Հայաստանում ապահովելու համար։
Արթուր Վարդապետյան