Անընդունելի է պառակտողական օրակարգերի, լղոզված ձևակերպումների բարձրաձայնումը, մենք բավարար ուժ ունենք՝ սերունդներին փոխանցելու հայկական Արցախ. Ռուբեն Վարդանյան
Արցախը հիմա կանգնած է չափազանց լուրջ մարտահրավերների առաջ, ու մենք այլ ճանապարհ չունենք, քան դրանց արժանապատվորեն դիմակայելը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Այս բարդ իրավիճակում անընդունելի եմ համարում պառակտողական օրակարգերի, տարբեր լղոզված ձևակերպումների բարձրաձայնումը, որովհետև ավելի քան համոզված եմ, որ մենք կարող ենք, մենք ի վիճակի ենք, մենք բավարար ուժ ունենք պահպանելու Արցախը, մեր սերունդներին փոխանցելու անվտանգ, ազատ, արժանապատիվ, հայկական Արցախ:
Առաջնորդների խնդիրը պետք է լինի ժողովրդին համախմբել գաղափարի ու մեր միակ նպատակի շուրջ, ոգեշնչել, սեփական ուժերի նկատմամբ հավատ ու վստահություն ներշնչել, քանի որ դժվար է հաղթել այն ժողովրդին, որը դիմակայում է ոգով ու կամքով: Ու հենց այդ ոգին ու կամքն էր, որ մեր տղաներին մղեց արժանի հակահարված տալ մարտի 5-ին ադրբեջանական ահաբեկչական գործողություններին:
Երեկ լրացավ մեր ընկած տղաների մահվան 7-րդ օրը: Ես սգում եմ նրանց կորուստը, բայց կարծում եմ, որ նրանց հոգեհանգստի ու հուղարկավորության ժամանակ պետք է գերակայեին ոչ թե ընկճվածության ու սգի, այլ միավորվելու ու կուռ բռունցք դառնալու տրամադրությունները: Նրանք մեզնից դա էին պահանջելու:
Մենք բավարար չափով չգնահատեցինք, մեր հարգանքն ու երախտագիությունը չհայտնեցինք մեր այն կենդանի հերոսներին, որոնք արագ կերպով արձագանքեցին ադրբեջանական ահաբեկչությանը, կանգնեցին ոստիկանության տղաների թիկունքին ու արժանի հակահարված տվեցին հակառակորդին՝ իրենց այդ արարքով ցույց տալով, թե ինչպես պետք է մեզ դրսևորենք:
Մենք չգնահատեցինք նաև ռուս խաղաղապահների գործողությունները, որոնք առաջին օգնությունն էին ցուցաբերել մեր տղաներին ու դադարեցրել կրակը, ճշգրիտ տեղեկատվություն էին հաղորդել իրադարձությունների մասին, ինչն այս իրավիճակում չափազանց կարևոր էր: Փոխարենը նրանք անգամ հակառուսական ակցիաների թիրախ դարձան:
Գաղափարը, կամքն ու ոգին շատ ավելի զորեղ են, քան ցանկացած զենք ու սպառնալիք»,- գրել է Վարդանյանը: