Արցախում այսօր անընդունելի իրավիճակ է. Ռուբեն Վարդանյան
«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Շրջափակման հետևանքով Արցախի կրած ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական առնվազն 1.9 մլն ԱՄՆ դոլար: Հաշվարկներն ու գնահատումներն իմ խնդրանքով կատարել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի գլխավորած տնտեսագետների մասնագիտական խումբը՝ պատրաստելով «Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսության կորուստները» գնահատման զեկույցը:
Մասնագետները գնահատել են ՀՆԱ-ի կորուստները, սոցիալական լրացուցիչ ծախսերն ու բյուջեի հարկերի կորուստները, ինչը թույլ է տվել համապարփակ պատկերացում կազմել շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների և ստեղծված ճգնաժամի պայմաններում ֆինանսական կորուստների վերաբերյալ։ Ակնհայտ է, որ որքան երկար տևի շրջափակումը, այնքան հասցված վնասի ցուցանիշներն աճելու են, քանի որ շրջափակման յուրաքանչյուր լրացուցիչ օր ավելի մեծ հարված է հասցնում Արցախի տնտեսական պոտենցիալին, հետևապես, գնահատված ծախսերին և դրանց մուլտիպլիկատիվ էֆեկտներին ավելանում են ՀՆԱ պոտենցիալի վերականգնման ծախսերը:
Զեկույցում գնահատվել է նաև սոցիալական լրացուցիչ ծախքերի բեռը, որն անխուսափելիորեն առաջանալու է՝ գործազրկության և անձանց եկամտի կորստի հանգամանքներով պայմանավորված։
Ակնհայտ է, որ Արցախի տնտեսության համար ապագայում զգալի՝ անգամ հարյուրավոր միլիոն դոլարների հասնող ծախսեր են առաջացնելու արտադրության գործոնների մաշվածության վերականգնումն ու բուֆերների ստեղծումը: Դա այն կարևոր քայլն է, որ պետք է արվի՝ ապագայում նմանատիպ ցնցումներից խուսափելու համար: Կարևոր է, որ զեկույցում նշվել են բուֆերների ստեղծման ուղղությունները՝ էներգիայի լրացուցիչ, այլընտրանքային աղբյուրների ստեղծում, առաջին անհրաժեշտության պարենային պաշարների, վառելիքային պաշարների, առաջին անհրաժեշտության դեղորայքային պաշարների ձևավորում և այս ամենի պահուստավորման համար՝ նոր ենթակառուցվածքների անհրաժեշտություն։
Շնորհակալ եմ Վարդան Արամյանին, Արցախի նախկին պետնախարար, «Մենք ենք մեր սարերը» գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանին և թիմին՝ կատարված պրոֆեսիոնալ ու համապարփակ աշխատանքի համար: Զեկույցը լավ նյութ է՝ ներկայացնելու միջազգային կազմակերպություններին ու տարբեր կառույցներին՝ ցույց տալու, թե ինչպիսի աղետալի տնտեսական հետևանքներ է ունենում Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումը:
Զեկույցին հնարավոր է ծանոթանալ այս հղումով` https://ourmountains.am/.../03/Zekuyts-Artsakh-Blockade.pdf