Հայաստանում կան անձինք, որոնք կարծում են, թե իբր հայ կանայք դժբախտ են, դա այդպես չէ․ Ռուբեն Վարդանյան Հայաստանում կան անձինք, որոնք կարծում են, թե իբր հայ կանայք դժբախտ են, դա այդպես չէ․ Ռուբեն Վարդանյան
«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մայրությունը, համոզված եմ, ամենամեծ երջանկությունն է և կնոջ համար ամենակարևոր դերը: Մենք՝ տղամարդիկս, երբեք չենք հասկանա, թե ինչ է զգում ապագա մայրը, երբ կյանք է տալիս իր երեխային: Հնարավոր չէ պատկերացնել ցավի այն աստիճանը, որ մայրն զգում է զավակին կորցնելիս: Ու մենք ամեն ինչ պետք է անենք, որ ապագայում մայրերը չսգան պատերազմների հետևանքով զոհված իրենց զավակների կորուստը:
Հայաստանում կան անձինք, որոնք կարծում են, թե իբր հայ կանայք դժբախտ են: Դա այդպես չէ: Հայ կանայք իսկապես սիրված են, նրանք շատ լավ գիտեն ինչ են երջանկությունը և ընտանեկան արժեքները: Այլ բան է, որ մեր հասարակությունում կանանց դերը լիարժեք գնահատված չէ. նրանք շատ հաճախ լուռ առաջնորդներ են, որոնք իրենց փխրուն ուսերին հսկայական բեռ և մեծ պատասխանատվություն են կրում: Մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչպես են նրանք տղամարդկանց հետ հավասար աշխատում, անքուն գիշերներ անցկացնում օրորոցների մոտ, ընտանեկան տաքուկ մթնոլորտ ստեղծում իրենց ընտանիքներում, և որտեղ էլ լինենք, մենք գիտենք, որ մեզ միշտ սպասելու է մայրական ջերմ գիրկը:
Ես հիշում եմ իմ տատիկին, որը 17 տարեկանում արդեն մայր է դարձել, 35 տարեկանում՝տատիկ, 53-ում՝ ծոռ ուներ, իսկ 87-ում՝ նախատատիկ էր: Նրա որդին բարձր պաշտոն էր զբաղեցնում, բայց ինձ մշտապես զարմացնում էր այն, թե ինչպիսի հմտությամբ ու իմաստնությամբ է նա կարգավորում ընտանեկան բոլոր հարցերը՝ զգացնել չտալով այդ մասին և երբեք չբարձրացնելով ձայնը:
Կցանկանայի, որ տղամարդիկ պահպանեն ու գնահատեն կանանց՝ հաշվի առնելով նրանց հատուկ փխրունությունն ու, միաժամանակ, ոգու ամրությունը, և ուրախության ու երջանկության ավելի շատ առիթներ պարգևեն՝ ոչ միայն տոնական օրերին ծաղիկներ նվիրելով, այլև նրանց նկատմամբ ամենօրյա հարգանքով ու երախտագիտությամբ: