Այս միջադեպը կարող էր տեղի չունենալ, եթե պաշտպանական գերատեսչության ղեկավարությունը այդ հատվածում ինժեներական աշխատանքները կատարեր ժամանակին. Մանե Թանդիլյան
Ադրբեջանական այս հերթական ագրեսիան պաշտպանական ոլորտի պատասխանատուների անգործության հետևանք է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։ Գրառման մեջ, մասնավորապես, ասված է․
«Երեկ Տեղ գյուղում կրկին ականատես եղանք մեր զինվորների նվիրական գործողություններին։ Նրանցից մի քանիսը իրենց կյանքը տվեցին հայրենիքի պաշտպանության համար։
Փառք հայրենիքի համար զոհվածներին, շուտափույթ ապաքինում վիրավորներին։
Սակայն այս միջադեպը կարող էր տեղի չունենալ, եթե պաշտպանական գերատեսչության ղեկավարությունը այդ հատվածում ինժեներական աշխատանքները կատարեր ժամանակին։
Առնվազն նախորդ տարվա օգոստոսից հայտնի էր, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի այդ հատվածի փոխարեն ճանապարհն անցնելու էր Կոռնիձոր գյուղի հատվածով, և Տեղ գյուղի հատվածում տեղի էր ունենալու սահմանի փոփոխություն։ Արդյունքում ինժեներական աշխատանքները փաստացի իրականացվում էին երեկ՝ ադրբեջանական զինուժի տեղակայումից երկու շաբաթ անց։
Ադրբեջանական այս հերթական ագրեսիան պաշտպանական ոլորտի պատասխանատուների անգործության հետևանք է։
Ոչ կոմպետենտ և անպատասխանատու կառավարումը հանգեցնում է մարդկային անդառնալի կորուստների, տարածքների զիջման, անվտանգության համակարգի խոցելիության»։