Երևան-Կապան-Երևան չվերթը կատարած ինքնաթիռը գնել է ԶՊՄԿ–ն` 7 մլրդ դրամով. պարզաբանում
Երևան–Կապան–Երևան չվերթ կատարած ինքնաթիռը ձեռք է բերվել «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության միջոցներով` մոտավորապես 7 մլրդ դրամով։ Այս մասին տեղեկանում ենք «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության մամուլի ծառայությունից, որը պարզաբանել է ապրիլի 26-ին իրականացված Երևան-Կապան առաջին փորձնական չվերթի հետ կապված որոշ հարցեր։
«Չվերթն իրականացվել է «Նովեյր» ավիաընկերության կողմից՝ L410 չեխական արտադրության ինքնաթիռով, որը պատկանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին։ «Սյունիք» օդանավակայանի շինարարությունը, գույքի և ինքնաթիռի ձեռքբերումը, պահպանման ծախսերն իրականացվել են և այժմ իրականացվում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով»,– ասված է հաղորդագրությունում:
Կապանի օդանավակայանի, թռիչքուղու և այլ ենթակառուցվածքների կառուցման համար կոմբինատը ծախսել է 2,5 միլիարդ դրամ, գույքի ձեռքբերման, վերապատրաստման և օդանավակայանի այլ ծախսերի համար` 300 միլիոն դրամ։
ԶՊՄԿ ընկերությունից նշել են, որ ընդհանուր առմամբ օդանավակայանի շինարարության, գույքի և ինքնաթիռի ձեռքբերման համար ներդրվել է ավելի քան 10 միլիարդ դրամ՝ բացառապես իրենց տրամադրված միջոցներով։
Հիշեցնենք, որ ապրլի 26-ին առաջին անգամ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի «Սյունիք» օդանավակայան իրականացվեց փորձնական չվերթ։ ՀՀ կառավարությունը խնդիր է դրել ապահովել Երևանից Կապան կանոնավոր չվերթների իրականացումը։