Քաղաքապետի թեկնածուի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են․ Մեսրոպ Առաքելյանը Մանե Թանդիլյանի թեկնածության մասին
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ տեղեկությանը, որ կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն է։
«Կուսակցության քաղաքապետի թեկնածուի եւ ավագանու ցուցակի քննարկումները դեռ շարունակվում են։ Քննարկումների հիմքում ընկած է նաեւ հանրության կարծիքը, որովհետեւ մենք կարծում ենք, որ այն թիմը, որը պետք է մասնակցի ընտրություններին եւ նպատակ ունի առաջնորդել Երեւանը, պետք է նաեւ արժանանա հանրության վստահությանը եւ քաղաքացիների կողմից պետք է ընտրված լինի։ Դրա բացակայությունը տեսնում ենք վերջին շրջանում, որ քաղաքը կառավարում են մարդիկ, ովքեր չեն ստացել քվե, այսինքն՝ միայն պաշտոնը ստանձնելուց են քաղաքացիներն իմացել, որ քաղաքային կառավարման մեջ նման մարդիկ կան։ Մեզ համար ինքնանպատակ չէ որեւիցե կարգավիճակ ունենալը կամ ցուցակը գլխավորելը, մենք անում ենք առավելագույնը, որ թիմում ընդգրկենք մարդիկ, ովքեր լավագույնս կծառայեն քաղաքին՝ անկախ նրանից նրանք մեր կուսակցությունից են, թե այլ ոլորտներում ուղղակի հաջողած են»,- ասաց նա։
Ըստ Առաքելյանի՝ թիմն ուժեղացնելու համար դեռ ժամանակ կա․ «Հուսով ենք քաղաքացիների առաջ հանդես կգանք բավական պրոֆեսիոնալ թիմով»։
Մեսրոպ Առաքելյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչո՞ւ «Ապրելու երկիր» կուսակցությունը ներքաղաքական պայքար չի ծավալում այս փուլում։ «Մեր քաղաքականությունը կուսակցության ստեղծման օրից մատնանշել ենք, թե ինչպես ենք պատկերացնում երկրում իշխանափոխությունը, որի նկատմամբ նաեւ խորհրդարանական ընդդիմության կողմից միշտ կա հանդիմանություն, որ չենք միանում պայքարին։ Ակնհայտ էր, որ այդ պրոցեսները, ցավով եմ ասում, հերթական անգամ հանգեցնելու էին հասարակության մոտ հիասթափությանը։ Այն, որ հասարակությունը տեսնում է խնդիր Արցախի հարցում եւ ուզում է իշխանափոխություն լինի, կասկած չի հարուցում, բայց ցավոք` այն մեխանիզմները, որոնք տարբեր խմբեր ներկայացնում են, դրանով արձանագրում են հերթական հիասթափությունը։ Եվ շատ հաճախ նաեւ դրսի համար տպավորություն է ստեղծվում, որ Արցախի համար փողոցային պայքարի է դուրս գալիս 200-300 հոգի, ո՞ւր է ձեր ամբողջ հասարակությունը։ Մենք իշխանության գալու ճանապարհը մատնանշել ենք նաեւ հասարակությանը՝ դա ընտրությունների միջոցով իշխանության գալն է։ Վերջին երկու տարիներին ՏԻՄ ընտրություններում երեք համայնքում մեզ հաջողվել է հաղթել «Քաղաքացիական պայմանագրին», մի շարք համայնքներում էլ ՔՊ-ն չի հաղթել, այդ թվում՝ մեր փոքր մասնակցությամբ․ առնվազն չենք աջակցել կամ փորձել ենք աջակցել այլ ուժերի, որպեսզի ՔՊ-ն զրկվի իշխանությունից։ Ի վերջո, ցանկացած պրոցեսին հաջորդում են համապետական ընտրություններ, եւ մենք գնում ենք այն ճանապարհով, որ այդ համապետական ընտրություններում արդեն մարզերում կունենանք հասարակության վստահությունը»,- ասաց Առաքելյանը։