Տիկի՛ն դատախազ կասեցրեք դատարանի որոշումը և փոխեք խափանման միջոցը՝ ազատ արձակելով Գայանե Հակոբյանին. Թանդիլյան
Տիկի՛ն դատախազ, վճռական հորդորով դիմում եմ Ձեզ՝ կասեցրեք դատարանի կողմից ընդունված որոշումը և փոխեք խափանման միջոցը՝ ազատ արձակելով Գայանե Հակոբյանին: Այս մասին ասվում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հայտարարությունում:
Ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ:
«Հայաստանի Հանրապության Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին
Տիկին Վարդապետյան, դիմում եմ Ձեզ՝ առաջին հերթին որպես կին, ապա որպես այս պահին բոլորիս հուզող ծայրահեղ ցավոտ իրադարձության վրա ազդեցություն ունեցող պաշտոնյա:
Տիկին Վարդապետյան, իրավական պետություն կառուցելիս և օրենքները կիրառելիս՝ մենք չենք կարող հաշվի չնստել առկա իրողությունների հետ՝ մասնավորապես, որ պատերազմից հետո հազարավոր որդեկորույս մայրերի վիշտը որևէ ձևով ունակ չենք մեղմել ու փարատել, նրանց ցասումը չի պարպվում և զայրույթի պահին, հուզական վիճակում արված արարքը քննելիս կարիք կար, որ այս բոլոր իրողությունները հաշվի առնվեին։
Սակայն, իր ամենաթանկը՝ զավակին, մեր երկրին, մեր բոլորիս ապրելու համար տված մոր նկատմամբ դա չի արվել։ Մինչդատական վարույթում ընտրվել է Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված խափանման միջոցներից ամենախիստը՝ կալանքը։
Սա ողջամիտ կասկած է հարուցում, որ գործի նկատմամբ կա քաղաքական ազդեցություն։
Մարդուն ազատությունից զրկելը՝ կալանավորումը, որպես խափանման միջոց կիրառվում է ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Ո՞րն էր քննության համար անհաղթահարելի այն խոչընդոտը, այն ծայրահեղ անհրաժեշտությունը, որի պատճառով պետք էր բացառել Գայանե Հակոբյանի ազատության մեջ մնալը։
Այս հարցի պատախանը տրված չէ, կարծում եմ՝ ողջամիտ պատասխան չկա էլ: Հաշվի առնելով, որ այս միջադեպի մասնակիցներից մեկը վարչապետի որդին է, մյուսը՝ հայրենիքի համար կյանքը տված զինվորի մայրը, ակնհայտ էր, որ միջադեպի նկատմամբ մեծ է լինելու բոլորիս ուշադրությունը, հետևաբար, պե՛տք է հիմնավորվի, թե ո՞րն է նման խիստ միջոցի կիրառման պատճառը։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ մինչդատական վարույթում դատարանի կիրառած խափանման միջոցը կարող է փոխել կամ վերացնել հսկող դատախազը, իսկ հսկող դատախազի համաձայնությամբ կիրառված խափանման միջոցը՝ քննիչը՝ հսկող դատախազի համաձայնությամբ: Նկատի ունենալով վերոնշյալը՝ կարող ենք արձանագրել, որ սույն քրեական վարույթի նկատմամբ Դուք կարող եք ազդեցություն ունենալ․ Դատարանի կողմից կալանավորված Գայանե Հակոբյանի խափանման միջոցը կարող է փոխվել կամ վերացվել ցանկացած պահի։
Տիկի՛ն դատախազ, վճռական հորդորով դիմում եմ Ձեզ՝ կասեցրեք դատարանի կողմից ընդունված որոշումը և փոխեք խափանման միջոցը՝ ազատ արձակելով Գայանե Հակոբյանին։ Ձեր պաշտոնը տալիս է այդ լիազորությունը, իսկ ձեր կանացի պատվախնդրությունը պետք է Ձեզ պարտադրի․ կասեցրեք թշնամական երկրների հրճվանքն առ այն, թե Հայաստանում որևէ մեկի մտքով անցնում է որդեկորույս մայրերի հանդեպ ունենալ այլ վերաբերմունք, քան խոնարհումը։
Հայրենիքի պաշտպանության համար զոհված հայ մարտիկի մոր նկատմամբ կալանք կիրառելը, երբ կան այլընտրանքային միջոցներ, ոչ այլ ինչ է, քան ավելի մեծ հանցագործություն, որն անխուսափելիորեն բերելու է նոր պառակտումների։ Մենք արդեն իսկ քաղում ենք հանրությանը պառակտած, ագրեսիվ, առաջնահերթությունները խառնող երևույթների թունավոր պտուղները։ Մենք իրավունք չունենք թույլ տալ թիրախավորելու որդի կորցրած ընտանիքներին, կասկածի տակ դնելու պետության վերաբերմունքը հայրենիքի պաշտպանի և պաշտպան դաստիարակած ծնողի նկատմամբ։
Նմանատիպ անհեռատես քայլերով միայն կոտրում ենք հայրենիքի ողնաշարը, սասանում պետության հիմքերը, դավաճանում մեր տեսակին ու դառնում անընդունակ դիմագրավելու բոլորիս սպառնացող մեծ ու փոքր վտանգներին։
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյան