Հայտնի է, թե որքանով կբարձրանան կենսաթոշակները
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 1-ից հանրապետությունում կենսաթոշակների ու նպաստների հերթական բարձրացումն է լինելու։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը նշեց, որ մասնավորապես բարձրանալու են միջին ամսական և նվազագույն կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը։
Նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվում է 36,000 դրամ՝ 31,600 դրամի փոխարեն։
Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը սահմանվում է 24,000 դրամ՝ 21,000 դրամի փոխարեն։
Զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը սահմանվում է 1,750 դրամ 1,600 դրամի փոխարեն։
Փոփոխություններ կան պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերում։ Մասնավորապես, ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակմամբ (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար սահմանվում է 50,600 դրամ՝ 46,000 դրամի փոխարեն։
Ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակմամբ (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար սահմանվում է 41,400 դրամ՝ 36,000 դրամի փոխարեն։ Ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակմամբ (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար սահմանվում է 38,000 դրամ՝ 33,000 դրամի փոխարեն։