Չինաստանում արևային էներգիան շարունակում է աճել
Չինաստանում արևային էներգիան շարունակում է աճել տարեկան 33 %-ով, և արդեն այսօր Չինաստանում տեղադրված արևային վահանակներն ունեն 2 անգամ ավելի շատ էներգետիկ ծավալ, քան կարող են արտադրել երկրի բոլոր ածխային էլեկտրակայանները միասին։
Չինական էներգետիկ ընկերությունների ասոցիացիան, որը գործում է պետական հովանավորությամբ, հրապարակել է իր հերթական զեկույցն՝ այն վերնագրելով «Էլեկտրաէներգետիկայի օպերատիվ իրավիճակն» անունով։ Վերականգնվող էներգիայի աղբյուրներն անցած տարի արտադրել են 1,33 միլիարդ կիլովատ ժամ էներգիա, ինչը 15,9 %-ով ավելին է, քան նախորդ տարի։
Բացի այդ այս ոլորտին է բաժին հասնում ընդհանուր տեղադրվող հզորությունների 55,5 %-ը, ինչը 3 %-ով ավելին է, քան նախորդ տարի։
Չինաստանում արևային էներգետիկայի զարգացումը դրված է պետական հովանավորության և պետական քաղաքականության հիմքում։ Այդ երկիրն, ի տարբերություն աշխարհի բազմաթիվ առաջատար երկրների, ունի թե՛ հսկայածավալ տարածություններ, թե՛ էժան աշխատուժ և թե՛ նաև օգտակար հանածոներ՝ մասնավորապես պղինձ, ինչպես նաև այլ հանածոներ էլ գնում է աշխարհի տարբեր երկրներից, ինչը թույլ է տալիս ավելի շատ արտադրել արևային վահանակներ և մարտկոցներ և ենթակառուցվածքներն էլ հարմարեցնել իր էներգետիկ կարիքներին։
Չինաստանի փորձն ուսանելի է աշխարհի բոլոր երկրների՝ այդ թվում Հայաստանի համար։ Մեր երկրում արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», և ակնհայտ է, որ մենք էլ պետք է արևային էներգետիկայի զարգացումը դնենք ոչ միայն պետական հոգածության, այլ հստակ պետական քաղաքականության ծիրում և քաղաքական կամք դրսևորենք մեր երկրում վերականգնվող էներգիայի արտադրությունը խթանելու համար։
Ալինա Հայրապետյան