Ռուսաստանում արևային էներգիայի օգտագործման ցածր ցուցանիշը խնդիրներ է հարուցում
Ռուսաստանում արևային էներգետիկայի իրավիճակն աղետալի է, իսկ վերականգնվող էներգիայի օգտագործման չափազանց ցածր ցուցանիշը լուրջ բնապահպանական վտանգներ է ներառում Ռուսաստանի համար։
Մասնագետներն ահազանգ են հնչեցնում, որ այսօր իսկ նկատելի են կլիմայական ճգնաժամի հետևանքները, ծովի մակարդակի բարձրացում, Գրենլանդիայում, Անտարկտիդայում ու Արկտիկայում սառույցների հալեցման արագացում, մոռացված հիվանդությունների վերադարձ, բազմաթիվ կենդանիների ու բույսերի տեսակների անհետացում։
Ի տարբերություն այլ երկրների, Ռուսաստանում գլոբալ տաքացումը 3 անգամ ավելի արագ է կատարվում, քան միջինն աշխարհում, պատճառը ջերմոցային գազերի արտանետումների բարձր մակարդակն է, որի հիմնական մեղավորն էներգետիկայի ոլորտն է։
«Գրինփիս»-ի հրապարակած ցուցանիշների համաձայն, աշխարհում արևային և քամու էներգիայի արտադրության ծավալը 2021 թվականի դրությամբ կազմել է 10,3 տոկոս, Միացյալ նահանգներում՝ 13,1 տոկոս, Մեծ Բրիտանիայում՝ 25,5 տոկոս, Գերմանիայում՝ 28,8 տոկոս, Իսպանիայում՝ 32,9 տոկոս, Դանիայում՝ 561,9 տոկոս, իսկ Չինաստանում՝ 11,2 տոկոս։ Ռուսաստանն ահռելի տեմպերով ետ է մնում այդ առումով։
Ռուսաստանում արևային և քամու էներգետիկայի մասնաբաժինը կազմում է ընդհանուր ծավալի 0,5 տոկոսը, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում։
2021 թվականի տվյալներով Հայաստանում արևային էներգիայի կիրառման ծավալների հստակ թիվ չկա, սակայն ակնհայտորեն Հայաստանն այդ առումով մի քանի անգամ գերազանցում է Ռուսաստանին, սակայն հետ է մնում աշխարհի մյուս առաջատար պետություններից։ Մեր երկրում կա արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն՝ «Սոլարոնը»։
Անահիտ Գևորգյան