Ահազանգ Արցախից
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում հայտնաբերվել է աֆրիկական ժանտախտի 2 օջախ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Արցախի գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Ռադիկ Գևորգյանը՝ մանրամասնելով, որ ներկա պահի դրությամբ հայտնաբերված և անարյուն եղանակով ոչնչացված է 55 գլուխ խոզ՝ մոտավորապես 2900 կգ կենդանի քաշով:
«Բոլոր համայնքային անասնաբույժները իրազեկված են խնդրի մասին և աչալրջորեն հետևում են, որ հիվանդության ի հայտ գալու դեպքում կանխեն դրա հետագա տարածումը»,-շեշտեց Գևորգյանը:
Անդրադառնալով վարակի առաջացման պատճառներին նա նշեց, որ խոզերի աֆրիկական ժանտախտը բարձր կոնտագյոզ (հպավարակ) վիրուսային հիվանդություն է, որը մարդուն չի փոխանցվում, իսկ կենդանիներին կարող է փոխանցվել ախտոտված կերի կլանմամբ, այնպես էլ հարուցիչով վարակված տզերի խայթոցների, վարակված խոզերի հետ ուղիղ անմիջական շփմամբ, խայթող ճանճերի, վարակված խոզերի հյուսվածքներով, արյան, մեզի, կղանքի ինչպես նաև արյունով ախտոտված իրերի (կոշիկ, հագուստ, սարքավորումներ, փոխադրամիջոցներ, ցամքար, կեր) միջոցով: Մեր զրուցակցի խոսքով՝ հիվանդության տարածումը կանխելու համար կատարվում է հանրության իրազեկում մասնագետների կողմից, սահմանափակվում է խոզերի տեղաշարժը, իսկ անասնատերերը պետք է խուսափեն խոզերը բաց պահվածքով պահելուց՝ աղբի և թափառող ու վայրի խոզերի հետ շփումից:
«Հիմնական պայքարի միջոցներն են՝ վարակված տարածքներում շարժի սահմանափակում, ինտենսիվ վերահսկողություն, վարակված կենդանիների հայտնաբերում, ապա բոլոր վարակված և կասկածելի խոզերի մեկուսացում և սպանդ: Վարակված կամ կասկածելի կենդանիների սպանդն իրականացվում է անարյուն եղանակով՝ դիակիզում և թաղում, այնուհետև վարակված և հարակից տարածքներում կատարվում է պարբերաբար ախտահանություն և ախտահանման պատնեշների տեղադրում»,-ներկայացրեց վարչության պետը՝ ավելացնելով, որ շրջափակումը որոշակի խոչընդոտներ է հարուցում պայքարի աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար, քանի որ անհրաժեշտ միջոցների, նյութերի սղություն կա:
Բացի այդ, առավել ակտիվ շրջայցեր ու վերահսկողություն իրականացնելու համար խնդիր է առաջացնում տրանսպորտային վառելիքի պակասը: