Եվան և Նարեն վթարից րոպեներ առաջ էին խոսել ընտանիքի անդամների հետ, մեկնել էին Արևմտյան Հայաստան՝ իրականացնելու իրենց երազանքը․ Կոռնիձորի վարչական ղեկավար
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գյումրի-Երևան ճանապարհին` Լանջիկ գյուղի մոտակայքում 11 մարդու կյանք խլած ողբերգական վթարի զոհերից ամենաերիտասարդը 18-ամյա Եվա Փարսյանն էր, ով Արևմտյան Հայաստան էր մեկնել իր պատմության ուսուցչուհու՝ 27-ամյա Նարե Արամյանի հետ։
Նրանք երկուսն էլ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից էին։
Tert.am-ի հետ զրույցում Կոռնիձորի վարչական ղեկավար Արշակ Կարապետյանը նշեց, որ ողջ գյուղը սգում է երիտասարդ աղջիկների մահը։ Նա նշեց, որ աղջիկերի մարմիններն այսօր առավոտյան 10:30-ին տեղափոխել են Կոռնիձոր, հուղարկավորությունը տեղի կունենա վաղը։
«Սա մի մեծ ողբերգություն է մեր ամբողջ գյուղի համար, խելացի աղջիկներ էին, բառեր չեմ գտնում։ Եվան այս տարի էր ընդունել համալսարան, եթե չեմ սխալվում պատմության ֆակուլտետ, պետք է տեղափոխվեր Երևան սովորելու։ Որոշել էին իր ուսուցչուհու՝ Նարե Արամյանի հետ իրականացնել իրենց երազանքը՝ տեսնել Արևմտյան Հայաստանը, մեր հողերը, իրենց երազանքը կատարվեց, բայց դժբախտությամբ ավարտվեց»,- ասաց Կարապետյանը։
Նա նշեց, որ դեպքից րոպեներ առաջ աղջիկները կապ էին հաստատել ընտանիքի անդամների հետ։
«Սահմանը անցնելուց հետո աղջիկները զանգահարել են ընտանիքի անդամներին, խոսել նրանց հետ, ինչից 15-20 րոպե հետո տեղի է ունեցել վթարը։
Եվան մեկ եղբայր ունի, իսկ Նարեն երկու քույր, երկուսն էլ ամուսնացած են, ինքը դեռ չէր հասցրել ընտանիք կազմել։ Սարսափելի է, ամբողջ գյուղը ցավում է կատարվածի համար»,- ասաց Կոռնիձորի վարչական ղեկավարը։
Հիշեցնենք` օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։ Խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից, ուր մեկնել էր «Համշեն տուր» ընկերության հետ։