«Ապրելու Երկիր» կուսակցության քաղաքական հայտարարությունը
«Ապրելու երկիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունները դիտարկում է որպես երկրում
ամբողջական իշխանափոխության կարևոր հանգրվան։
Գործող իշխանությունը, 2021թ․ թեև ստանալով ընտրողների ձայների մեծամասնությունը, վերջին երկու տարվա ընթացքում իր վարած ներքին և արտաքին քաղաքականությամբ խորացնում է երկրի առջև ծառայած
մարտահրավերները, որոնք ունեն հրատապ լուծումների անհրաժեշտություն։
Ակնհայտ է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը երկրի ապագան չի տեսնում գործող իշխանության
կառավարման ներքո և ակնկալում է խորքային համակարգային փոփոխություններ։
«Ապրելու երկիր» կուսակցությունը Երևանի ընտրություններին մասնակցում է բացառապես հաղթելու նպատակով և այդ հաղթանակից հետո անելու է առավելագույնը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ուղղությամբ։
Միևնույն ժամանակ, չնսեմացնելով ընտրությունների «քաղաքային» բաղադրիչը, մենք երևանցիներին
ներկայացնելու ենք Երևանի խնդիրների արագ կարգավորման և մայրաքաղաքը եվրոպական մակարդակի քաղաք դարձնելու ամբողջական ծրագիր։
Հայաստանում պետք է տեղի ունենա ամբողջական անցնցում իշխանափոխություն և «Ապրելու երկիր»
կուսակցությունը պատրաստ է ժողովրդի վստահությունը ստանալու միջոցով, ստանձնել երկրի ամբողջական
պատասխանատվությունը։
Միևնույն ժամանակ, մենք պատրաստ ենք քննարկել Երևանի ավագանու ընտրություններում և հետագայում
համագործակցությունը այն ուժերի և անհատների հետ, ում համար ընդունելի են հետևյալ սկզբունքները՝
Հայաստանում պետք է տեղի ունենա ամբողջական իշխանափոխություն, բացառվում է իշխող կուսակցության հետ որևէ համագործակցություն,
Արցախի հայապատկան մնալու հարցը համարվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր
մարտահրավերը և այդ ուղղությամբ Հայաստանը պետք է անի առավելագույնը,
Առկա է զրո հանդուրժողականություն կոռուպցիայի, հովանավորչության նկատմամբ և դրանց հետ
առնչություն ունեցող և ունեցած անձանց և ուժերի նկատմամբ,
Պետական կառավարման համակարգում պաշտոններ պետք է ստանձնեն բացառապես պրոֆեսիոնալները՝
անկախ կուսակցական պատկանելիությունից, քաղաքական գործընթացներին մասնակցությունից, ծանոթ-
բարեկամ լինելուց։
«Ապրելու երկիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է «ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ԻՆՉՊԵՍ» և
«ՓՈԽԵՆՔ ԱՊԱԳԱՆ» կարգախոսերով։