«Կասկած չունեմ, որ թշնամու կողմից լայնածավալ կամ տեղային խոշորամասշտաբ հարձակում կլինի». Հոխիկյան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ասել, թե Արցախում մարդկանց սոցիալական վիճակը վատ է, նշանակում է տեղյակ չլինել Արցախի մասին։ Վիճակը Արցախում ոչ թե վատ է, այլ աղետալի է, ուտելու սովորական հաց չկա, մարդիկ սոված են, ու դա բոլորիս ողբերգությունն է։
Ասել, թե Հայաստանի առաջնագծում վիճակը լարված է, կրկին նշանակում է ոչինչ չիմանալ առաջնագծի մասին։ Վիճակը ռազմական առումով ոչ թե լարված է, այլ նախապատերազմական։ Վարդենիսում էի, երբ թշնամու կրակոցից տեղի Ախպրաձոր գյուղի դիրքերում սպանվեց զինծառայող Վանիկ Ղազարյանը։
Ընդհանրապես, Գեղարքունիքի մարզի ամբողջ առաջնագծով մեկ՝ ավելի քան 120կմ երկարությամբ կրակոցները չեն դադարում։ Թշնամին ամեն օր կիրառում է նաև խոշոր տրամաչափի զինտեխնիկա, ականանետեր և այլն։ Որևէ մեկը գիտի՞, որ Ճամբարակից մինչև Վարդենիսի Ալ լճեր մեր զորքը և տեղի բնակիչներից կազմված աշխարհազորը տիտանական աշխատանք են անում թշնամուն զսպելու համար։
Ես կասկած չունեմ, որ թշնամու կողմից լայնածավալ կամ տեղային խոշորամասշտաբ հարձակում կլինի, ուստի մենք պարտավոր ենք չթուլացնել զգոնությունը։
Քնել մի աչքը բաց․ այսպես է սիրում ասել Սյունիքի առաջնագիծ դարձած Ներքին Հանդ գյուղի ինձ մտերիմ մի բնակիչ։
Սիրելի հայրենակիցներ, հասկանում եմ, որ հոգնել եք տագնապային լուրերից և ուզում եք հանգիստ ապրել։ Դրա համար եք ներքին հոգեկան խռովքն ու անհանգստությունը թաքցնում խնջույքների և երգ ու պարի մեջ, բայց հասկացեք, դրանով թշնամու վտանգը չի անցնում։
Մենք կարող ենք հանգիստ ապրել, բայց մեր զավակները, մեր եղբայրները առաջնագծում հանգիստ չեն լինի, Արցախում սովի մատնված մեր 120,000 եղբայրներն ու քույրերը հանգիստ չեն լինի։ Իսկ երբ սեպտեմբերին թշնամին անցնի լայնածավալ գրոհի, մեր հանգիստը կդառնա անեծք։
Անիծեք ինձ ինչքան կուզեք, բայց պատրաստվեք, խնդրում եմ։ Գործ անող մեր խումբը քիչ է, իսկ առաջնագծի երկարությունը՝ շատ։ Նաև սեփական նախաձեռնությամբ ձեռք բերեք կամ պատրաստեք քողարկիչ ցանցեր, հավաքեք անվադողեր ու տարեք առաջնագիծ։ Ժամանակը քիչ է, ուշքի եկեք»։