Արցախից տեղեկացնում են
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտունի եւ Ճարտար քաղաքների, խոշոր համայնքներից՝ Սոսի, Կարմիր շուկայի, Բերդաշենի եւ Գիշիի բնակիչները օգոստոսի 23-ից հացը գնում են կտրոնային եղանակով: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Հունան Հայրումյանը: «Հաշվի առնելով բնակչության թվաքանակը եւ ստացված հացահատիկի բերքի սակավ պաշարները` եկել ենք այն եզրահանգման, որ պետք է խնայողաբար օգտագործենք»,- մանրամասնել է Հ.Հայրումյանը: Նա նշել է, որ արդեն մշակվել է կտրոնի ձեւը եւ տրամադրվել բնակիչներին, կտրոնի նմուշը ուղարկվել է համայնքներ:
«Կտրոնի մեջ ներառված է ընտանիքի ավագի անուն-ազգանունը, տվյալ ընտանիքի անդամների թիվը եւ տրամադրվելիք հացի քանակը: Հաշվի ենք առել հացի զանգվածը. մինչեւ երեք անդամ ունեցող ընտանիքին տալիս ենք երկուական հաց, յոթ անդամով ընտանիքին՝ վեց, ութին՝ յոթ հաց: Հաշվի ենք առել ալյուրի պաշարները, փռերի թողունակության հնարավորությունները, եւ չեմ կարծում, որ նման հարցերում խոչընդոտներ կառաջանան: Կտրոնների վրա նշված կլինեն ամսաթվեր, փռերի կամ խանութների աշխատողները հացը տրամադրելուց հետո տվյալ կտրոնում կնշեն, որ քսանչորս ժամվա հասանելիք հացը ստացվել է»,- ընդհանրացրել է Հ. Հայրումյանը:
Ի դեպ, հաշվի առնելով հացի ձեռքբերման դժվարությունները՝ «Արցախպրես»-ը մեկնաբանություն է խնդրել նաեւ Ստեփանակերտի քաղաքապետարանից. արդյո՞ք կտրոնային համակարգը անհրաժշտ չէ նաեւ մայրաքաղաքում մտցնել: Ի պատասխան, քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Վարդուհի Օհանյանը նշել է, որ մինչեւ այս պահը նման քննարկում չի եղել: