Կարևոր է, որ ընտրություններում հաղթի այն ուժը, որի համար թանկ է ոչ միայն Հայաստանը, այլ նաև Արցախը. Ռուբեն Վարդանյան
«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երևանի ավագանու ընտրություններում Արցախի օրակարգը չի՛ կարող բացակայել: Ու շատ կարևոր է, որ Արցախում դա տեսնեն ու զգան: Կարևոր է, որ այս ընտրություններում հաղթեն այն ուժերը, որոնց համար թանկ է ոչ միայն Երևանը, ոչ միայն Հայաստանը, այլև Արցախը: Կարևոր է, որ Հայաստանից, Երևանից ուժ ու վստահություն տաք Արցախին, թևութիկունք լինեք արցախահայությանը, ոչ թե կոտրեք նրանց պայքարելու ոգին: Մենք պետք է հրաժարվենք անթույլատրելի ու կործանարար պարտվողականությունից: Պետք է գան նոր ուժեր, ովքեր հավատում են, որ կարող են կանգնել Արցախի կողքին ու ամեն գնով պահել Արցախը:
Հայաստանն ու Արցախը մեկն առանց մյուսի չեն կարող լինել: Այդ կապը մեզ համար շատ հստակ է, և դա իմ ու իմ համախոհների անխախտ դիրքորոշումն է: Մենք իրավունք չունենք հրաժարվել Արցախից, իրավունք չունենք մտածելու, որ ինչ-որ «խաղաղության պայմանագրի» շնորհիվ Հայաստանը կփրկվի, իսկ թե Արցախի հետ ինչ կլինի՝ հետո կորոշենք։
Երբ ես ու գործընկերներս հարյուրավոր ծրագրեր էինք իրականացնում Հայաստանում ու Արցախում, համոզված էինք, որ աշխատում ենք մեր ընդհանուր ու միասնական հայրենիքի զարգացման համար: Հիմա ոչ միայն ոչինչ չի փոխվել, այլև համոզմունքս ավելի է ամրապնդվել:
Այս դիրքորոշումից ելնելով եմ Երևանի ընտրություններում աջակցում «Ապրելու երկիր» կուսակցությանն ու նրա ղեկավար Մանե Թանդիլյան - Mane Tandilyan-ին, քանի որ գիտեմ, որ նրանք նույնպես Արցախը կարմիր գիծ են համարում:
Իմ կոչն է երևանցիներին՝ անպայման մասնակցել ընտրություններին ու իրենց ընտրությունը կատարել՝ մտքում ու սրտում ունենալով Արցախը: