Տարբեր քարոզչական հնարքեր կիրառելով հանդերձ, Նիկոլ Փաշինյանը հիմա էլ Երևանի ընտրությունները փորձում է վերածել աշխարհաքաղաքական պայքարի․ Մանե Թանդիլյան
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Իշխանության օրնօրի գահավիժող վարկանիշը ոչ միայն ազդում է Տիգրան Ավինյանի և իր թիմի վարքագծի վրա, այլև՝ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի։
Երևանի ընտրությունները համարելով քաղաքային ընտրություններ՝ իշխանությունը փորձեց «պայքարից հանել» ընտրությունների քաղաքական բաղադրիչը, սակայն ակնհայտ է, որ երևանցիները այս ընտրությունները դարձնելու են իշխանությունների անվստահության հանրաքվե՝ ոչ ասելով պարտվողականությանը, թուլությանը, երկիրը կործանման տանող քաղաքականությանը։
Տարբեր քարոզչական հնարքեր կիրառելով հանդերձ, Նիկոլ Փաշինյանը հիմա էլ Երևանի ընտրությունները փորձում է վերածել աշխարհաքաղաքական պայքարի։
Երնեկ ձեզ, լրիվ պարապ եք․․․
Աշխարհն էլ բանուգործը թողած, սպասում է Երևանի ընտրություններին, երբ Հայաստանն եք վաղուց դարձրել մանրադրամ համաշխարհային քաղաքական թատերաբեմում։
Ողջ աշխարհը քննարկում է Հայաստանի հարցը առանց Հայաստանի, երբ դուք կառչած ձեր աթոռների՝ զբաղվում եք իշխանությունը պահելով՝ անձնական վայելքների համար։
Օրնօրի բարդացող աշխարհաքաղաքական օրակարգում մենք ունենք ուժեղ պետության, գերտերությունների հետ վստահելի գործընկերային հարաբերություններ հաստատելու անհրաժեշտություն։
Իսկ այս պահին կարևոր է Երևանում իշխանազրկել ՔՊ-ին՝ հնարավորություն տալով շարունակելու ամբողջական իշխանափոխության ճանապարհը։
Իսկ ձեզ տեղեկացնում եմ՝ իշխանությունից հեռանալու եք ժողովրդի կողմից՝ ընտրությունների միջոցով։
Մենք գիտենք ինչպես։