Դեպի ո՞ր ուժն է կողմնորոշվում «բողոքական, բայց չկողմնորոշված» ընտրազանգվածը․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ոչ մեկ անգամ անդրադարձել ենք այն հարցին, որ ընտրությունների շեմին անցկացվում են տարբեր սոցիոլոգիական հարցումներ, այդ թվում՝ մասնակից ուժերի կողմից: Մեր ունեցած տեղեկություններով, «Մայր Հայաստան» դաշինքը ևս իր առանձին սոցիոլոգիական հետազոտություններն ունի, որոնցով ուրվագծվող պատկերը բովանդակային առումով տարբերվում է մինչ այժմ հրապարակված հեռախոսային հարցումների արդյունքներից: Մեր աղբյուրի փոխանցմամբ, դաշինքի հետ համագործակցող սոցիոլոգները տեղեկացրել են, որ քարոզարշավի մեկնարկի համեմատ ու ընտրարշավի ծավալմանը զուգընթաց «Մայր Հայաստանի» ու դաշինքն առաջնորդող Անդրանիկ Թևանյանի վարկանիշն ու ճանաչելիությունը աճել են: Սակայն ուշադրություն են գրավում այդ աճի որակական հատկանիշները:
Մասնագետների կարծիքով, դեպի «Մայր Հայաստան» դաշինքը կողմնորոշվող երևանցիների աճը պայմանավորված է նախ այն հանգամանքով, որ «Մայր Հայաստանը» հանդես է գալիս ամբողջական իշխանափոխության դիրքորոշմամբ: Հանուն արդարության պետք է նշել, որ նման կամ մտազուգահեռվող կարգախոսներ այլ ուժեր էլ են ներկայացնում, բայց «Մայր Հայաստանը» և Անդրանիկ Թևանյանը այս ամբողջ ընթացքում ամբողջական իշխանափոխության գիծը հետևողականորեն առաջ են տանում անխտիր բոլոր հանդիպումների, ելույթների, հարցազրույցների ժամանակ:
Մեր տեղեկություններով, որպես մյուս հատկանշական նրբություն, սոցիոլոգներն առանձնացրել են այն հանգամանքը, որ «բողոքական, բայց չկողմնորոշված» ընտրազանգվածը, որը մեր երկրի ու մայրաքաղաքի դեպքում բավականին մեծ է, աստիճանաբար կողմնորոշվում է դեպի «Մայր Հայաստան» դաշինքը՝ ցանկանալով քվե տալ այն ուժին, որն ամենից արմատական և անհաշտ հակաիշխանական դիրքորոշմամբ է հանդես գալիս:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում