Ի՞նչ ճակատագիր պետք է ունենան ԱԳՆ նախկին շենքն ու չշահագործվող այլ շենքերը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ-ի շենքը տարիներ առաջ օտարվեց Էդուարդո Էռնեկյանին, այժմ շենքում որևէ տեսակի գործունեություն չի ծավալվում: «Փաստը» հետաքրքրվեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական որոշ ուժերից, թե ընտրվելու դեպքում կա՞ն արդյոք որոշակի ծրագրեր մայրաքաղաքի այս և նմանատիպ այլ շենքերի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ շատ կառույցներ ունեն սեփականատերեր:
«Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը կարծում է, որ Երևանի կենտրոնի նախկին հասարակական շենքերը պետք է դառնան կամ մշակութային օջախներ, կամ հյուրանոցներ: «Ներկայիս ղեկավարությունը, այդ թվում՝ քաղաքային իշխանությունները, չեն երկխոսում ներդրողների հետ: Երբ խոսում ենք մարդամոտ քաղաքի մասին, նկատի ունենք, որ պետք է կայանան բնակիչ-բնակիչ, բնակիչ-իշխանություն, իշխանություններդրող երկխոսությունները: Հիմնականում այն քաղաքներն են զարգանում, որտեղ պետություն-մասնավոր համագործակցությունը կայացած է: Միայն այդ դեպքում կարող ենք մեր քաղաքը ոտքի կանգնեցնել: Մնացյալ դեպքերում մի օլիգարխը փոխվելու է մյուսով: Հարց՝ որևէ մեկը գրագետ կերպով երկխոսե՞լ է Էռնեկյանի հետ, առաջարկություններ արե՞լ է նրան: Նա Հարավային Ամերիկայում և աշխարհում խոշոր ներդրողներից մեկն է: Պետությունը պետք է շահագրգռված լինի նման հարցերում, ոչ թե միայն սպասի ներդրողների առաջարկներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մնացականյանը:
«Ազգային առաջընթաց» կուսակցության, այն է՝ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի նախընտրական շտաբից «Փաստի» հետ զրույցում նշված հարցի վերաբերյալ կարծիք են հայտնում, որ քիչ չեն մայրաքաղաքում այն շենքերը, որոնք պատմական նշանակություն ունեն կամ գտնվում են քաղաքի կենտրոնում, և տարիներ շարունակ ունենալով սեփականատերեր՝ չեն օգտագործվում: Երևանում կան նաև շինհրապարակներ, որ տարիներ ի վեր բարձիթողի ու անմխիթար վիճակում են: «Այդ տարածքների կամ օբյեկտների հետ կապված՝ պետք է խթանել գործընթացը և փորձել մի կողմից՝ սեփականատիրոջ հետ բանակցությունների ու համագործակցության միջոցով, մյուս կողմից՝ գործի դնելով առկա օրենսդրական, վարչական լծակները, ավարտին հասցնել գործընթացները: Այստեղ հիմնական խնդիրը քաղաքի արտաքին տեսքին, էսթետիկային, անվտանգությանն ու էկոլոգիային հասցվող վնասը մինիմալիզացնելն է: Ձեր նշած շենքի պարագայում, օրինակ՝ նման խնդիր չկա, և, մեծ հաշվով, սեփականատիրոջ իրավունքն է, թե ինչպես այն կօգտագործի»,-նշում են նախընտրական շտաբից:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը մեր նշած շենքին անդրադառնալով՝ նախ ասում է՝ օտարման պայմանագիրը ժամանակին կնքվել է Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, Երևանի քաղաքապետարանն այդ մասով որևէ գործառույթ չունի: «Կոմերցիոն մյուս մեծածավալ տարածքների դեպքում ունենք պրոգրեսիվ գույքահարկի ներդրման ծրագիր, որը վերաբերում է հենց նման մեծածավալ լքված տարածքներին, որոնց սեփականատերերը ներդրում չեն իրականացնում, նաև չեն օտարում դրանք, որպեսզի բարձրացվի այդ գույքի օգտագործման արդյունավետությունը: Մենք նշում ենք, որ պրոգրեսիվ գույքահարկի կիրառման դեպքում պայմանականորեն հինգ տարվա ընթացքում սեփականատերը կա՛մ պետք է կատարի նոր ներդրում և սկսի օգտագործել տվյալ տարածքը, կա՛մ օտարի այն այլ ներդրողի»,-«Փաստի» հետ զրույցում հարցի վերաբերյալ կարծիք է հայտնում Խաժակյանը:
«Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբից ևս արձագանքեցին «Փաստի» հարցին՝ ներկայացնելով իրենց տեսակետը՝ մասնավորաբար նշելով, թե ինչ աշխատանքներ պետք է տարվեն մայրաքաղաքում չշահագործվող շենք-շինությունների պարագայում: «Հանրապետության հրապարակի ճարտարապետական համալիրի մաս կազմող ԱԳՆ նախկին շենքը Երևանի պատմամշակութային ժառանգության անբաժան մասն է, և ցանկացած ծրագիր, որն այդ շենքի առումով կիրականացվի, պետք է համապատասխանի այդ կարգավիճակին և որևէ կերպ չխաթարի ու վնասի թամանյանական ճարտարապետության սկզբունքները: Այս և նման շենքերի պարագայում, որոնք մասնավորեցվել են, սակայն իրենց նախագծային տեսքը և կիրառությունը չեն ստացել, պետք է մանրակրկիտ ուսումնասիրման ենթարկվեն, սեփականատիրոջ հետ պարզաբանվեն առկա խնդիրները և փորձ արվի մայրաքաղաքի զարգացման տեսլականին համահունչ լուծումներ տալ: Սեփականատիրոջ կողմից առաջարկվող լուծումներին անհամաձայն լինելու կամ դրանք կյանքի կոչելու անկարողության պարագայում այդ շենքերը պետք է վերադարձվեն քաղաքին»,-նշում են «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբից:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում