Ես հասկանում եմ, որ Արցախը ձեզ համար սրբություն չէ, բայց կան ուժեր, որոնց համար Արցախը սրբություն է. թեժ բանավեճ քաղաքապետերի թեկնածուների միջեւ
Հ1-ի եթերում քաղաքապետերի թեկնածուների մասնակցությամբ բանավեճի ժամանակ այսօր հարց հնչեց, թե ընտրություններին մասնակից ուժերը հետընտրական փուլում որ ուժի հետ կբացառեն կոալիցիան, ում հետ հավանական կհամարեն համագործակցությունը:
Երբ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը հիշեցրեց, որ արդեն հայտարարել են, որ ՔՊ-ի հետ համագործակցության որեւէ աղերս կամ եզր չունեն, «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Դավիթ Խաժակյանը հիշեցրեց Թանդիլյանի «անցյալը». «Բաներ են հնչում, որ իմ քաղաքական հիշողության մեջ չի տեղավորվում: «Իմ քայլը» դաշինքը բաղկացած է երկու քաղաքական ուժերից՝ «Քաղաքացիական պայմանագրից» եւ «Առաքելություն» կուսակցությունից, յուրաքանչյուր ձախողման համար երկու ուժն էլ պատասխանատու են: Հիմա մեզ հետ է նաեւ վերանվանված «Առաքելություն» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը: Ունեցել եք մասնակցություն, եկել ու ասում են՝ բացառում ենք, սա սխալ է արվել: Ես ուզում եմ հասկանալ՝ խուսափո՞ւմ եք ձեր մաս պատասխանատվությունից»:
Մանե Թանդիլյանը շտապեց ուղղել Խաժակյանին. «Նախ սխալվում եք, չի վերանվանվել, մենք հիմնադրել ենք միասին «Ապրելու երկիր» կուսակցությունը որպես համահիմնադիր: Այն իրավիճակը, որ կար պատերազմից առաջ ու հետո, դուք, ըստ երեւույթին, դրա մեղավորներին ու պատասխանատուներին խառնում եք, դուք պատկերացում անգամ չունեք, թե ով է այլեւս 2020 թվականի պատերազմի արդյունքների պատասխանատուն»:
«Իսկ դրանից հետո ձեր գործընկերը նախարար չդարձա՞վ»,- հարցրեց Խաժակյանը:
«Դուք դրանից հետո եք համագործակցել ՔՊ-ի հետ, ինչը ձեզ պատիվ չի բերում»,- պատասխանեց Թանդիլյանը:
«Իսկ սոցապ նախարար ո՞վ դարձավ, տիկին Թանդիլյան»,- շարունակեց Խաժակյանը:
«Որովհետեւ Արցախի հարցը դուք նորից խառնում եք: Ես հասկանում եմ, որ Արցախը ձեզ համար սրբություն չէ, բայց կան ուժեր, որոնց համար Արցախը սրբություն է …Այո՛, ես գնացել եմ Արցախ, ստանձնել եմ սոցապ նախարարի պաշտոնը»:
Թանդիլյանի խոսքը կիսատ մնաց, որովհետեւ բանավեճի մյուս թեկնածուները դժգոհեցին, որ բանավեճի համար նախատեսված յոթ րոպեն, կարծես թե, երկու թեկնածուի վեճի համար է օգտագործվում:
ՔՊ-ի թեկնածուն՝ Տիգրան Ավինյանն էլ նկատեց, որ Թանդիլյանին Խաժակյանը բերեց ՔՊ-ի դաշտ, բայց նրանք երկուսն էլ կուսակից են եղել նույն կուսակցությունից՝ «Լուսավոր Հայաստանի» անդամներ:
Խաժակյանն էլ նկատեց, որ քաղաքական պատասխանատվության հարց է:
ՀԱՍԱԿ-ի թեկնածու Արման Ղուկասյանն էլ նկատեց,որ բոլորը խոսում են, թե երեւանցին պետք է ընտրի իշխանություն ընդդիմությունից, բայց բոլոր բանավիճողներն էլ իշխանության հետ աշխատել են, բոլորն էլ կիսում են պատասխանատվություն. «Պարոն Խաժակյան, Էդմոն Մարուքյանը հենց հիմա հատուկ հանձնարարություններով դեսպան է, ուզում եմ հասկանալ՝ ո՞ւմ եք ուզում մոլորեցնել: Մի քանի իրական ընդդիմադիր ուժեր կան այստեղ, մնացածդ կարող եք չվիճել, սաղդ էլ քաղաքական մի ընտանիքից եք»:
Տիգրան Ավինյանն էլ նկատեց, որ երեւանցիներին այս հարցերը ամենավերջին հուզող հարցերից են:
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության թեկնածու Սուրեն Պետրոսյանը շարունակեց՝ ասելով, թե եթե նպատակ չունեն այս խոսակցությունները սարքել ԵԼՔ խմբակցության ներքին խոհանոցային խնդիրների վերհանման ու պարզաբանման հարթակ, ապա պետք է ավելի առարկայական խնդիրներին անդրադառնան:
Մանե Թանդիլյանն էլ հավելեց, որ երեւանցիները պետք է հետեւեն իրական փաստերին , այն է 2021 թվականից «Ապրելու երկիրը» այն ուժն է, որը իշխանազրկել է ՔՊ-ին բազմաթիվ համայնքներում: Ըստ նրա՝ երեք համայնքում ստանձնել են կառավարում եւ որեւէ տեղ ՔՊ-ն չի վերարտադրվել իրենց մասնակցության հետեւանքով:
Տիգրան Ավինյանն էլ հետաքրքրվեց. « Այդ որ ասում եք բազմաթիվ, ուզում եմ այդ համայնքները նշեք, բազմաթիվն ու երեքն այդքան էլ իրար չեն բռնում»:
« Ձեր վարչական ռեսուրսների կիրառման պարագայում երեքը շատ է , քիչ չէ, թե դուք ինչ եք անում ընտրությունների ժամանակ»,- հակադարձեց Թանդիլյանը: «Այ ես կուզեի՝ կիսվեք»,- հակադարձեց Ավինյանը:
«Ճանապարհները փակել էիք ոստիկաններով, որ «Ապրելու երկրի» անդամները չմասնակցեին Ալավերդու քաղաքապետի ընտրություններին, մենք բացել ենք տվել, ձեզ ինչ է թվում մեզ էդքան հե՞շտ է խանգարել:Մինչեւ այսօր չեք կարողանում Տաթեւ համայնքում մարսել մի ձայնով մեր հաղթանակը ու դեռ դատի եք տալիս»,- թվարկեց Թանդիլյանը:
Ավինյանն էլ ասաց, որ 2018-ի հեղափոխությունն է այդ հնարավորությունը իրենց համար ստեղծել որ կարողանան ժողովրդավարական ճանապարհով ընտրվել տարբեր համայնքներում:
«Իսկ ձեզ համար անչափ վարչական ռեսուրսներն կիրառելու հնարավորություն»,- հավելեց Թանդիլյանը:
Քաղաքապետի ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժից բանավեճին մասնակցում է 12-ուժի քաղաքապետի թեկնածու: Բանավեճի մասնակցությունից հրաժարվել են «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանն ու «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ