Պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսի շիրիմին այցելելիս ընտանիքի անդամները Opel Zafira-ով վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 3 վիրավոր
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ դեպի Վերին Արտաշատ ընթանալիս, Opel Zafira մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Մինչ հրշեջների և շտապօգնության ժամանումը, քաղաքացիները ավտոմեքենան դարձի են բերել, ապա ժամանած հրշեջ-փրկարարներն ու Արտաշատի շտապօգնության բժիշկները պատգարակներով վիրավորներին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենաները և տեղափոխել հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի և դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել են և ծառայություն են կատարում ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ու ՃՈ տեսուչի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը ոստիկաններին հաջողվում է:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռուբեն Բադալյանի գլխավորությամբ:
Մինչ քննիչների ժամանումը, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը՝ գիտակցության չգալով մահացել է, իսկ վիրավորներից մեկին տեղափոխեւմ են Երևանի հիվանդանոցներից մեկը:
Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վարորդը, մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են և մեկնում էին իրենց հարազատի՝ պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսի շիրիմին խնկարկում անելու և ծաղիկներ խոնարհելու:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի պատճառներից մեկը ավտոմեքենայի «շառավոյ»-ի կոտրվելն է եղել, ինչի հետևանքով վարորդը չի կարողացել կառավարել մեքենան և կողաշրջվել է:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։