ԼՂ-ում զինված դիմադրության ենք հանդիպում․ ի՞նչ է պնդում Բաքուն
«Ադրբեջանը քննարկում է Ղարաբաղից հայկական անօրինական զինված խմբավորումների անդամների համաներումը, ովքեր հանձնում են իրենց զենքերը, չնայած որոշ անջատողականների պնդումներին, որ իրենք մտադիր են շարունակել դիմադրությունը»: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Մենք դիտարկում ենք անգամ նախկին զինվորականների և զինյալների համաներման հնարավորությունը», - ասել է Հաջիևը՝ հավելելով, որ ներկայումս կան առանձին խմբեր և սպաներ, որոնք հրապարակայնորեն հայտարարել են, որ չեն ընդունելու առաջարկվող պայմանները և շարունակելու են դիմադրել։
Հաջիևը նաև նշել է, որ Ղարաբաղի հայ բնակիչները հումանիտար օգնություն են խնդրել, և ուրբաթ օրը պարենամթերքով բեռնված երեք մեքենա է ուղարկվել տարածաշրջան։
«Ադրբեջանը ձգտում է Ղարաբաղի հայերի խաղաղ վերաինտեգրմանը»,-ընդգծել է Ադրբեջանի նախագահի օգնականը։