Ներքին Հոռաթաղում զոհեր, վիրավորներ, կորածներ կան․ գյուղապետ
Նույն վիճակն ա, ուղղակի չեն կրակում, հրադադարից հետո չեն կրակել մեր գյուղի ուղղությամբ։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղի ղեկավար Արթուր Մնացականյանը։
«Գյուղում ենք, տեղ գնալ չենք կարող։ Զոհեր, վիրավորներ գյուղից շատ կան։ Բնակիչներ կան, իրենց հարազատների հետ կապ հաստատել չեն կարողանում, դիրքերում մնացածներ կան, որ կապի դուրս չեն գալիս, որոնում են»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ՝ ողջ տարածքը ռմբակոծելով: Բազմաթիվ համայնքներ, ռազմավարական նշանակության ճանապարհներ, բարձունքներ անցել են թշնամուն: Մարդիկ լքել են իրենց տները, գիշերում են փողոցում՝ անհաց ու անջուր: Դեղորայք չկա:
Երեկվա դրությամբ պաշտոնապես հայտարարվել է 200 զոհի ու հարյուրավոր վիրավորների մասին: Թվերը, բոլորս ենք հասկանում, ցավոք՝ վերջնական չեն:
Լիաննա Թորոսյան