Ինչ է հայտարարում Հիքմեթ Հաջիևը
Ադրբեջանի նախագահի օգնական, Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևն ասել է, որ Բաքուն Արցախի հարցում միջազգային դիտորդական առաքելության անհրաժեշտություն չի տեսնում․ «Ոչ մի միջազգային դիտորդական առաքելության կարիք չկա, քանի որ իրողությունները տեղում ակնհայտ են», — Deutsche Welle-ին տված հարցազրույցում ասել է Հաջիևը՝ նշելով, որ Ադրբեջանը թաքցնելու ոչինչ չունի։
Հաջիևը հավելել է, որ Ադրբեջանը միշտ դեմ է եղել Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական մրցակցության։ Նա նաև կոչ է արել տարածաշրջանը չդիտարկել աշխարհաքաղաքական մրցակցության պրիզմայով։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։