Իրան, թե՞ Զանգեզուր. Էրդողանի խոսքը միայն խաբկանք է
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արդյո՞ք Էրդողանի երազած թուրանական միջանցքը հեռու է իրականություն դառնալուց և միջանցքն անցնելու է Իրանի տարածքով։ 3+3 ձևաչափը հնարավո՞ր է գործարկել և ինչ հետևանք դա կարող է ունենալ Հայաստանի համար. այս հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։
«Էրդողանի խոսքը, որ եթե Հայաստանը հրաժարվի բացել Զանգեզուրի միջանցքը, ապա երթուղին կանցնի Իրանով, դա միայն խաբկանք է։ Խոսքը Իրանի տարածքում այժմ գործող Նախիջևանը և Ադրբեջանը կապող ավտոճանապարհի մասին է։ Այդ ավտոճանապարհը գործել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ընկած ողջ ժամանակահատվածի ընթացքում։ Դրա համար որևէ նոր բան չկա, բայց հերթական ճնշման միջոց է Հայաստանի Հանրապետության վրա, որ ադրբեջանա-թուրքական դաշինքը կարողանա գործարկել իրենց երազանքների թուրանական միջանցքը»,- ասաց իրանագետը։
Ըստ Ոսկանյանի, մենք չպիտի ասենք «Զանգեզուրյան միջանցք», քանի որ, ըստ էության, դա թուրանական միջանցքն է, որը նախատեսում է Հայաստանի տարածքային ամբողջականության խախտում և Թուրքիայի ելք դեպի Կենտրոնական Ասիա։ Հետևաբար, որևէ նոր ճանապարհի մասին Իրանի տարածքով խոսք գնալ չի կարող, այլ խնդիր է, եթե լինի երկաթուղային կառուցվածք ավելացնել։
«Եթե 3+3 ձևաչափում ներգրավված լինի թուրքական կողմը, ապա ակնհայտ է, որ դա չի բխում Հայաստանի շահերից։ Այսինքն, ցանկացած ձևաչափ, որտեղ Թուրքիան կարող է ունենալ դերակատարություն, ըստ էության խաթարում է Հայաստանի անվտանգային շահերը։ Պետք չէ մեծ հեռատեսություն ունենալ հասկանալու համար, որ թուրքական կողմի ծրագիրը մեկն է՝ Հայսատանի Հանրապետությունը որպես աշխարհաքաղաքական գործոն աշխարհի քարտեզից ջնջելն է։ Այլ խնդիր է, որ իրանական կողմի համար 3+3 ձևաչափը ձեռնտու է, քանի որ Ռուսաստանը մեր տարածաշրջանում ներկա է, Թուրքիան Ադրբեջանի տեսքով է տարածաշրջանում ներկա, իսկ Իրանին անհրաժեշտ է որոշակի ներկայություն տարածաշրջանային գործընթացներում։ Որիշ հանգամանք էլ կա, այն է, որ Վրաստանը կտրականապես մերժում է այդ ձևաչափը, այսինքն՝ եթե այդ ձևաչափը ի վերջո գործի, կլինի 3+2»,- եզրափակեց Ոսկանյանը։
Մարիաննա Արամյան