ՀՀ որ բնակավայրերի տարածքով է Փաշինյանը պատրաստվում միջանցք տրամադրել Ալիևին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով, ինչպես հայտնի է, նախատեսվում է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում․ «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»,- ասված է պատերազմի ավարտին կնքված եռակողմ հայտարարության մեջ։
ՀՀ իշխանությունները թեպետ չեն շտապում տեղեկացնել, թե ապաշրջափակված ճանապարհները որտեղով են անցնելու, այսինքն` Ադրբեջանից Թուրքիա և հակառակը՝ որ ուղիներով են կապվելու, սակայն Սյունիքում խոսում են, որ քննարկվում է 4-5 ճանապարհի տարբերակ: Ամենահավանական տարբերակը համարվում է այն, որ Նախիջեւանի ու Ադրբեջանի արեւմտյան շրջանների միջեւ տրանսպորտային ուղին հավանաբար կանցնի Անգեղակոթ գյուղով;
Նախ՝ ի՞նչ է իրենից ներկայացնելու այդ ճանապարհը (միջանցքը) աշխարհագրական տեսակետից, եթե, իհարկե, կյանքի կոչվի:
Սկսենք Անգեղակոթից ու Շաղատից. գտնվում են Սիսիան-Նախիջեւան երբեմնի ճանապարհին: Սիսիան-Նախիջեւան սահմանային ջրբաժանն այդ հատվածում Բիչանակ լեռնանցքն է՝ 2346 մ բարձրությամբ:
Ադրբեջանի սահմանադուռն այդտեղ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանի Բիչանակ գյուղն է (հայերենով՝ Բջնակ կամ Բջնաղ), որտեղով էլ ժամանակին անցել է ճանապարհը: Այսինքն՝ ավտոճանապարհը (միջանցքը) բացվելու դեպքում թուրք-ազերին Անգեղակոթից կմտնի Շաղատ, ապա՝ Շահբուզի շրջան, որի նույնանուն շրջկենտրոնը Նախիջեւան քաղաքից մոտ 30 կմ հյուսիս-արեւելք է:
Ի դեպ, Շահբուզի տարածքը համապատասխանում է Սյունյաց աշխարհի Ճահուկ գավառի արեւելյան մասին՝ Շահապոնք գավառակին, որը վերջնականապես հայաթափվեց 1960-ականներին:
Հիմա՝ գլխավոր հարցը, որը, համենայնդեպս, հրապարակավ չի քննարկվում: Հարցը հետեւյալն է՝ իսկ Ադրբեջանի արեւմտյան շրջաններից ինչպե՞ս է թուրք-ազերին հասնելու Անգեղակոթ-Շաղատ, որտեղից էլ՝ Բիչանակ:
Ըստ պետական պաշտոնյաների հայտարարությունների՝ ճանապարհը (միջանցքը) սկիզբ է առնելու Կուբաթլիից, որից հետո անցնելու է Ներքին Խնձորեսկի տարածքով, ապա՝ Խնձորեսկի գյուղամիջով եւ դուրս է գալու Գորիս-Ստեփանակերտ մայրուղի: Այդ մայրուղիով թուրք-ազերին մտնելու է Գորիս քաղաք՝ անցնելով Արցախյան խճուղով եւ միանալով Մ-2-ին:
Մ-2-ով հասնելու է Շինուհայրի խաչմերուկ (որտեղից սկիզբ է առնում Գորիս-Կապան այլընտրանքային նորակառույց ճանապարհը), հասնելու է Նորավանի խաչմերուկ (որտեղից սկիզբ է առնում եւս մեկ շրջանցող ճանապարհ՝ Լծեն-Տաթեւ ուղղությամբ), հասնելու է Սիսիանի եւ Իշխանասարի խաչմերուկ, Սիսիանի եւ Շաքիի խաչմերուկ, որից հետո՝ Անգեղակոթ տանող ճանապարհ: Այսպիսով, Անգեղակոթ-Շաղատ հասնելու համար թուրք-ազերին առնվազն պետք է անցնի Խնձորեսկի գյուղամիջով, Գորիս քաղաքի ամենաբանուկ թաղամասերով, Վերիշենի հարավային եզերքով; Այսինքն՝ այս ուղիով այդպես կոչված միջանցքի բացումը կործանարար ազդեցություն է թողնելու Սյունիքի վրա:
Ամիսներ առաջ Հայաստանի վարչապետը կառավարության նիստում հանձնարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին ապահովել, որ ադրբեջանական կողմը կարողանա անարգել անցնել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան: Միաժամանակ, ընդգծեց Փաշինյանը, դա պիտի լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Անդրադառնալով ազատ տեղաշարժի մասին դրույթին` Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե դա էլ պետք է լինի Հայաստանի Սահմանադրության ու օրենսդրության շրջանակներում։ Սակայն, Բաքուն այս հարցում, կարծես թե, այլ կարծիք ունի և չի էլ թաքցնում, որ Փաշինյանից միջանցք ստանալու բանավոր համաձայնություն ունեն: Ստացվում է, որ Փաշինյանի և թիմի ապաշնորհ կառավարումը հանգեցրել է պատային իրավիճակի, երբ պետք է ընտրել վատի և վատագույնի միջև: