Իրանում զորավարժություններ են․ ի՞նչ է հայտնի
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում մեկնարկել է բանակի անօդաչու թռչող սարքերի համատեղ զորավարժությունը՝ «Մուհամմադ Ռասուլալլահ» նշանաբանով, գրում է Pars Today-ը։
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկրի բանակի անօդաչու թռչող սարքերի համատեղ զորավարժության հրամանատար՝ ծովակալ Հաբիբոլլահ Սայարին ասել է.
«Բանակի 1402թ. (իրանական ժամանակագրությամբ-խմբ․) համատեղ անօդաչու թռչող սարքերի զորավարժություններն մեկնարկել են երեքշաբթի առավոտյան՝ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի չորս ուժերի ընտրված ստորաբաժանումների շուրջ 200 տեսակի անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ, Իրանի աշխարհագրական տարածքում՝ երկրի հարավում գտնվող Պարսից ծոցի և Օմանի ծովի ջրերից մինչև երկրի արևելյան, արևմտյան, հյուսիսային ու կենտրոնական շրջաններում»:
Նրա խոսքով, զորավարժություններում բանակի մեծ թվով անօդաչու թռչող սարքեր կկիրառվեն հատուկ և դժվարին պայմաններում և կգնահատվեն հսկողության և հետախուզության, էլեկտրոնային պատերազմի և մարտական գործողությունների ոլորտներում այդ սարքերի կարողությունները:
«Այս զորավարժությունը պաշտպանական հզորության և տեղական զենքի կիրառման ցուցադրություն է և Իրանի զենքի էմբարգոյի անարդյունավետության խորհրդանիշ»,-հավելել է ծովակալ Սայարին։