Արայիկ Հարությունյանին Բաքվում հարցաքննել են․ ո՞վ է նրա փաստաբանը (լուսանկար)
Արդեն գրել ենք, որ երեկ Ադրբեջանի իշխանություններն առևանգել և ապօրինի ձերբակալել են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։ Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ հայտնի է Հարությունյանի իրավունքները պաշտպանող փաստաբանի ինքնությունը։
Ըստ այդմ, ԼՂՀ նախկին ղեկավարի փաստաբանը Ալով Սաֆարալիևն է։ Սոցցանցի իր էջում նա հայտնել է, որ որպես պաշտպան մասնակցել է Հարությունյանի հարցաքննությանը։
«Հարությունյանը հարցաքննվել է, միայն կարող եմ ասել, որ նրա տված ցուցմունքը կօգնի գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ»,- հավելել է ադրբեջանցի փաստաբանը։ Նրա պնդմամբ, Հարությունյանի ֆիզիկական և հոգեբանական վիճակը նորմալ է․
«Ես կիրականացնեմ նրա պաշտպանությունը Ադրբեջանի Հանրապետության օրենքներին և իրավական էթիկայի համաձայն, մի խոսքով, բարեխղճորեն կկատարեմ իմ մասնագիտական պարտքը»։
Հիշեցնենք, որ երեկ Ստեփանակերտում ապօրինի ձերբակալվել են ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը (1997-2007 թթ.), Բակո Սահակյանը (2007-2020 թթ.), Արայիկ Հարությունյանը (2020-2023 թթ․), ինչպես նաև գործող նախագահ Սամվել Շահրամյանը, ԼՂ խորհրդարանի վերջին նախագահ, ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։ Որոշ տեղեկություններով՝ գերեվարվել է նաև Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արայիկ Մելքումյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանցի սահմանապահներն առևանգել են Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանին, գեներալներ Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, ինչպես նաև ԼՂ նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին՝ նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրելով 4-ամսյա կալանավորումը։
Արցախի ՊԲ հրամանատար գեներալ Կամո Վարդանյանի և ԼՂ ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ճակատագիրն առայժմ անհայտ է։