Իսկ այսքան ժամանակ ինչո՞ւ էր լռում
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին օրերի սրընթաց անցուդարձի պայմաններում պաշտպանության նախկին նախարար, պահեստի գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի քաղաքական հայտը, այսպես ասենք՝ աննկատ չմնաց: Բավականին հնչեղ էին նրա մեղադրանքներն իր նախկին ղեկավար Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած կառավարության հասցեին, որպեսզի այդ ամենն աննկատ մնար: Արշակ Կարապետյանն, օրինակ՝ հայտարարեց, որ Արցախի հետ կատարված ողբերգությունը հետևանք է իշխանությունների վախկոտության ու դավաճանության: Հայտարարեց, որ հենց Նիկոլ Փաշինյանի խնդրանքով են ադրբեջանական իշխանությունները ձերբակալել կամ, ավելի ճիշտ, գերեվարել Ռուբեն Վարդանյանին:
Հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն իրեն պաշտոնանկ է արել թշնամու վրա կրակելու հրաման տալու և Արցախ այցելելու համար: Դե, իսկ խոսքի վերջում էլ նշեց, որ Հայաստանը ներքին ու արտաքին թշնամիներից ազատագրելու քաղաքական շարժում է ձևավորում և անցնում է քաղաքական գործունեության: Արշակ Կարապետյանի հայտարարությունը կամ քաղաքական հայտը, պետք է նկատել, միանշանակ չընդունվեց: Ու դրա համար պատճառներ կան, ի դեպ: Նախ՝ շատերն ուշադրություն դարձրեցին, որ ֆեյսբուքյան լայվ-միացմամբ (նախապես գրված տեքստի ընթերցմամբ) այդ հայտարարություններն Արշակ Կարապետյանը արեց ռուսերենով: Զարմանալի է, որ 30 տարի Հայաստանում ապրած, ծառայած մարդն այդպես էլ չի տիրապետել մայրենի լեզվին՝ առնվազն 5-7 րոպեանոց հայտարարություն ընթերցելու չափ: Ոմանք նաև շտապեցին ինչ-ինչ թափանցիկ ակնարկներ տեսնել ռուսերենով քաղաքական գործունեության հայտ ներկայացնելու մեջ:
Երկրորդ. Արշակ Կարապետյանին նաև հիշեցրեցին իր՝ ոչ այնքան վաղուցվա կարիերային անցյալը: Մասնավորապես, հայտնի է, որ նա 2016 թ. ապրիլի դրությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության պատասխանատուն էր և Ապրիլ յան պատերազմից հետո հեռացվեց զբաղեցրած պաշտոնից: Հետագայում նրան կարծես վերականգնեցին զինված ուժերում, բայց այլ պաշտոնի: Իսկ 2018 թվականին, Փաշինյանի «թավշյա» վարչապետացումից հետո, Արշակ Կարապետյանը թերևս այն եզակիներից էր, որ կեղծ ցուցմունք տվեց «Մարտի 1-ի», այսպես կոչված, «նոր գործով»՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված: Այդ ցուցմունքն էլ, նկատենք, ինչ-որ դեր չխաղաց, քանի որ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքները դատարանում ուղղակիորեն փլուզվեցին:
Բայց, այ, Արշակ Կարապետյանն այդ պահին «թավշյա» իշխանությանը ձեռնտու ցուցմունքներ տալու կամ ձեռնտու «փիար» ապահովելու համար անմիջապես նշանակվեց (կարելի է ասել՝ պարգևատրվեց) Նիկոլ Փաշինյանի խորհրդական: Ավելին, Արշակ Կարապետյանը, որ հիմա խոսում է գործող իշխանությունների վախկոտության և դավաճանության մասին, որոնց հետևանքով Արցախը աղետվեց, նույն այդ իշխանություններից, նույն Նիկոլ Փաշինյանից չվարանեց պաշտոն վերցնել 2021թ. հուլիսին, այսինքն՝ 44-օրյա պատերազմից ու հայտնի աղետումից հետո:
Ճիշտ է, նույն թվականի նոյեմբերին էլ արդեն ինքը պաշտոնանկ արվեց: Մյուս կողմից՝ հատկանշական է, որ վերջին երկու տարվա ընթացքում Արշակ Կարապետյանն առանձնապես ոչ մի հարթակում չի երևացել, մինչդեռ առիթներ շատ են եղել: Ճիշտ է, լուրեր էին շրջում, թե նա նոր պաշտոնի նշանակվելու ակնկալիքներ ուներ: Բայց այդ ակնկալիքները, փաստորեն, չարդարացան, և հիմա նա հայտարարեց քաղգործունեության անցնելու մասին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում