Փաշինյանի «մեղքով» ԼՂ-ն հայկականից դարձավ «ադրբեջանական»․ Դուգին
«Հայաստանը Փաշինյանի օրոք մարտահրավեր նետեց Ռուսաստանին, իսկ Բաքուն, ընդհակառակը, վարվեց հմտորեն և բարեկամաբար, արդյունքում Լեռնային Ղարաբաղը հայկականից դարձավ ադրբեջանական»։
Այդ մասին ՌԻԱ Նովոստի-ում հրապարակած «Ռուսաստանի սխալները հետխորհրդային տարածքում և դրանք շտկելու ուղիները» ծավալուն հոդվածում նշել է ռուս քաղաքագետ, փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը։
Իր հոդվածում ռուս քաղաքագետն ակնարկում է, բացառված չէ՝ նաև Հայաստանին, որ դեպի Արևմուտք կողմնորոշվելու դեպքում երկրներին սպառնում է Ուկրաինայի, Սիրիայի և Լիբիայի ճակատագիրը։
«Հետխորհրդային ցանկացած պետության տարածքային ամբողջականությունը կարող է երաշխավորվել միայն Ռուսաստանի հետ դրական կամ չեզոք հարաբերություններով»,-ընդգծել է Դուգինը։
Ասել է թե՝ Ռուսաստանը պատժում է հետխորհրդային երկրներին «անհնազանդության» համար՝ խլելով նրանց տարածքները։
«Դա սկսվել է դեռ 90-ականներից՝ Մերձդնեստր, Լեռնային Ղարաբաղ (այդ ժամանակ Ադրբեջանն ուներ ռուսաֆոբ գլոբալիստական կառավարություն), Հարավային Օսիա և Աբխազիա»,-հետահայաց գնահատական տալիս՝ շեշտել է նա։