Ինչու էր Ալիեւը «ոգեւորվել» հանգստյան օրերին
Հանգստյան օրերը հայաստանյան հանրային-քաղաքական դիսկուրսում աչքի ընկան թերեւս մի նշանակալի թեմայի շուրջ ծավալված քննարկումներով․ եթե դրանք քննարկումներ անվանելը Աստված մեղք չի համարի։ Խոսքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից Արցախ կատարած այցն էր, ու այնտեղ տեղի ունեցածը՝ դրոշի բարձրացում, Հայաստանին ուղղված հերթական սպառնալիքներ եւ այլն։ Ադրբեջանական մեդիան, կարելի է ասել՝ ակնթարթի ճշգրտությամբ այդ ամենը հաղորդում էր մի այլ կարգի հրճվանքով։ Իսկ Հայաստանում այս ամենն ուղեկցվում էր կամ Ադրբեջանին ու նրա ղեկավարությանն ուղղված «բազմահարկ» եւ «բազմատիրաժ» «քֆուրներ» գրելով՝ Ալիեւի հրճվալից նկարների տակ, կամ «լացակումած սմայլիկներ» դնելով։
Դժվար է ասել արդյոք որեւէ մեկը փորձե՞ց հասկանալ, որ այն, ինչ արեց Ադրբեջանի ղեկավարը հանգստյան օրերին, ընդամենը ներքին լսարանին «կերակրելու», հաղթանակի էյֆորիայի հուզական-էմոցիոնալ «որոճումը» երկարաձգելու եւ սեփական ժողովրդին պարտվածի հոգեբանական բարդույթից վերջնականապես ազատելու հերթական «օպերացիան» էր։ Մյուս կողմից այդ «օպերացիան» ուներ նաեւ մեկ այլ նպատակ՝ որքան հնարավոր է ադրբեջանական հասարակության ուշադրությունը շեղել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումից, որը կարելի է իր «թեժությամբ» ու ծավալներով համարել աննախադեպ։ Սա Ադրբեջանի ղեկավարության համար կարելի է համարել «Աքիլեսյան գարշապար», քանի որ մահմեդական աշխարհում թերեւս միայն Ադրբեջանն էր, որ իբրեւ մահմեդական երկիր իր կրոնական համերաշխությունը չհայտնեց պաղեստինցիներին, ընդհակառակը որդեգրեց իսրայելամետ կեցվածք։ Բաքվի համար սա լուրջ խնդիր է այժմ եւ հղի բավականին մռայլ հետեւանքներով։
Իբրեւ մահմեդական երկիր, որը նաեւ անդամ է Իսլամական հակագործակցության կազմակերպությանը, Ադրբեջանի համար բնական կլիներ նաեւ կրոնական տեսակետից համերաշխ լինել պաղեստինցիների հետ։ Սակայն լրիվ հակառակ կեցվածքը նշանակում է առնվազն այն, որ Բաքուն դավաճանում է՝ թե Իսլամական համագործակցության կազմակերպությանը, թե նույնիսկ մահմեդականության արժեքներին ու իդեալներին։
Ընդ որում, դա աննկատ չի մնացել, եւ արդեն բավականին բարձր կոչեր են հնչում մահմեդական ժողովուրդների մոտ, հատկապես՝ Իրանում, Արաբական Արեւելքում․ Ադրբեջանին հեռացնել Իսլամական համագործակցության կազմակերպությունից, կամ պատժել այլ եղանակով։ Բաքվում այս ամենը լավ տեսնում են։ Նաեւ հասկանում են, որ ներադրբեջանական հարթության վրա էլ կարող են առաջանալ հարցեր, կապված այն հանգամանքի հետ, թե ինչու է ադրբեջանական ղեկավարությունը մահմեդականին ոչ հարիր կեցվածք որդեգրում եւ երկրի ներսում էլ սեփական մեդիաքարոզչական ողջ համակարգը գործի դնում հակապաղեստինյան տրամադրություններ սփռելու համար։ Էլ չասած, որ այժմյան սրացումն էլ ինչ որ կերպ կհանդարտվի, ու երեւի թե մահմեդական աշխարհի հետ ստիպված կլինի հարուցպատասխան ունենալու։ Այս ամենը հաշվի առնելով, կարծում ենք, որ սեփական ժողովրդի ուշադրություն շեղելու համար էր Ալիեւը հանգստյան օրերին այդքան «ոգեւորվել»։