Օդում կախված հարցեր, ահագնացող խնդիրներ, բողոքի անհասցեականություն․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ավելի քան մեկ ամիս է, ինչ Արցախն ամբողջապես հայաթափվել է։ Բնական է, որ այդ իրադարձության հետ կապված բազմաթիվ հարցականներ կան, բայց միայն օրերս բողոքի ակցիա տեղի ունեցավ, այն էլ՝ ոչ թե կառավարության, այսինքն՝ գլխավոր մեղավորի աշխատավայրի մոտ, այլ Հայաստանում Արցախի ներկայացուցչության: Նախ՝ ի սկզբանե հասկանալի չէր, թե ինչ որոշակի պահանջներ են դրվում բողոքավորների կողմից և որքանով են դրանք իրատեսական։ Պարզվեց, որ նրանց տարբեր հատվածներ տարբեր պահանջներ ունեն։
Օրինակ՝ բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը նշում էր, թե Արցախցի պաշտոնյաների, բարձրաստիճան զինվորականների գույքը, որ նրանք ձեռք են բերել Հայաստանում, պետք է իրավապահները հատ-հատ ստուգեն։ Ընդ որում, խոսքը ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից չարաշահումների ու ապօրինի հարստացման մասին էր, և դա՝ այն դեպքում, երբ բռնագաղթի ենթարկված արցախցիներից շատերը սոցիալապես դժվարին իրավիճակի առաջ են կանգնած։ Եվ բողոքավորների այս խումբը իրենց պատկերացրած ձևերով ձգտում էր հասնել ապօրինի հարստացածների պատժվելուն կամ նրանց կուտակած միջոցները մյուս արցախցիներին բաժանելուն։ Բողոքի դուրս եկած արցախցիների մի մասին էլ, ըստ երևույթին, հետաքրքրում էին այնպիսի հարցեր, թե ովքեր են լուծելու իրենց սոցիալական խնդիրները, իրենց հուզող տարբեր հարցերով ում կարող են դիմել, մանավանդ որ Արցախի օպերատիվ շտաբը դադարեցրել է իր աշխատանքները, ընդհանրապես ի՞նչ է իրենց սպասում, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Արցախի Հանրապետության լուծարման մասին հրամանագիրը։
Ճիշտ է, ԱՀ նախագահը փորձեց բացատրել, որ իր իսկ ստորագրած հրամանագրով պետությունը չի կարող լուծարվել, մյուս կողմից էլ՝ ներկայացրեց, թե ադրբեջանական ներխուժման սպառնալիքի պայմաններում է հրապարակվել այն, այդուամենայնիվ, արցախցիների հետագա ճակատագրին առնչվող բազմաթիվ թեմաներ մնում են հարցական, և Արցախի գործող իշխանությունները հանրության հետ խոսելու, պարզաբանումներ տալու և առանցքային հարցերում հստակեցումներ մտցնելու խնդիրներ ունեն։ Արցախի ներկայացուցչության մոտ բողոքը ցույց տվեց, որ հավաքվածների շարքում կային նաև ՀՀ իշխանական շրջանակների կողմից ուղղորդված մարդիկ, որոնց խնդիրը Արցախում տեղի ունեցածի մեղավորությունը ՀՀ իշխանությունների դաշտից դեպի Արցախի նոր իշխանությունների դաշտ տեղափոխելն էր, ինչպես նաև զուգահեռ՝ հավաքի ժամանակ բախումներ հրահրելը։
Ի դեպ, վերջին շրջանում շատ է քննարկվում այն թեման, որ եթե բռնագաղթի հետևանքով Հայաստան եկած արցախցիների դժգոհությունները հասունանան, ապա ՀՀ իշխանությունները կարող են խնդիրների առաջ կանգնել, իսկ եթե նրանց հարի նաև հայաստանյան հասարակության՝ իշխանություններից դժգոհ հատվածը, ապա նաև իշխանափոխության հարց կարող է բարձրանալ։ Ուստի, ՀՀ գործող իշխանությունները փորձում են մի կողմից՝ նախօրոք կանխել այդպիսի սցենարը և ամեն ինչ անել, որ արցախցիները պառակտվեն, միասնական դիրքերից հանդես չգան ու կարևոր հիմնահարցերից իրենց ուշադրությունը շեղեն դեպի երկրորդական հարցեր, մյուս կողմից էլ ֆոն ստեղծել, որպեսզի Հայաստանի ղեկավարությանը հեռացնեն պատասխանատվությունից, չնայած որ հենց Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, թե ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ Ալիևն էլ դրանից հետո անցավ կոշտ գործողությունների։
Ավելին, երբ պաշարված Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսվեցին, Փաշինյանն ընդամենը դիտորդի դերում էր: Բռնագաղթից հետո Փաշինյանը գեթ մեկ անգամ չի ընդունել արցախցիներին կամ Արցախի նախագահի հետ չի հանդիպել՝ նրանց հուզող խնդիրները հասկանալու համար, սակայն ջանում է ցույց տալ, թե իր կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում արցախցիներին օգնելու համար։ Երեկ էլ Փաշինյանն ու իր քպականներն այնպիսի պաթոսով էին հայտարարում աջակցության «նոր ծրագրի» մասին, կարծես սեփական գրպանից էին այդ գումարները վճարելու, իսկ արցախցիների խնդիրներն էլ համակարգային լուծումներ էին ստանալու: Իսկ իրականում բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներն ավելի շատ լուծվում են անհատների միջոցով, քան պետության: Եվ պետական համապատասխան մարմինների անկազմակերպվածության, հաճախ անգործության արդյունքում արցախցիները անորոշության մեջ են հայտնվել։
Ավելին, ինչպես նույն Փաշինյանն ասաց, արդեն իսկ մի քանի հազար արցախցի հեռացել է երկրից, ու այս միտումը, ցավոք, պահպանվում է։ Արցախցիների արտագաղթը վկայում է այն մասին, որ իշխանությունները ընդունակ չեն անգամ հարյուր հազար բռնի տեղահանվածների պահել մեր երկրում։ Խորքային առումով նրանք նույնիսկ մոտիվացված էլ չեն, որ արցախցիները մնան, քանի որ որոշ ժամանակ անց Արցախի հարցը կարող է նորից բարձրանալ, իսկ իրենք հազիվ էին ազատվել այդ «բեռից», որպեսզի Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորեն ու «խաղաղության դարաշրջան» բացեն։ Այնինչ, մեր ազգային շահերը պահանջում են արցախցիներին ամեն գնով պահել Հայաստանում, որտեղ պետք է գործի նաև Արցախի կառավարությունը, ապա բարենպաստ պայմանների դեպքում ապահովել այդ մարդկանց վերադարձն իրենց պատկանող տարածքներ, որպեսզի գոնե հայաբնակ տարածքները հակառակորդը չյուրացնի։
ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում