Թուրքիայում լարված վիճակ է․ Էրդողանն այսօր հանրահավաք է հրավիրել
Գազայի հատվածին իսրայելական բանակի լայնածավալ հարվածներից հետո Թուրքիայում հակաիսրայելական ցույցեր են տեղի ունեցել։
Այսպես, Դիարբեքիրի բնակիչները գրոհել են հայտնի Starbucks սրճարանների ցանցի վրա, որոնք, նրանց կարծիքով, ֆինանսավորում են Իսրայելին։
Իսկ Ստամբուլում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Իսրայելի հյուպատոսարանի մոտ։
Ստամբուլում և Մերսինում անցկացված ցույցերի մասնակիցները կոչ են արել Թուրքիային զորք ուղարկել Գազա՝ իսրայելական բանակի դեմ մարտնչելու համար։
Գազայի հատվածում իսրայելական ցամաքային հարձակումների ընդլայնման ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կողմնակիցներին կոչ է արել այսօր՝ հոկտեմբերի 28-ին մասնակցել Ստամբուլում նախատեսված «Մեծ Պաղեստին» կոչվող զանգվածային ցույցին։ Այդ մասին նա գրառում է արել X սոցիալական ցանցի իր օգտահաշվում։
Միաժամանակ, թուրքական ընդդիմադիր «Սաադեթ» իսլամիստական կուսակցության կողմնակիցները երկրի իշխանություններին մեղադրում են Իսրայելի հետ համագործակցելու մեջ և ցույց են անցկացրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնակայանի մոտ։
Ավելի վաղ կուսակցության առաջնորդ Թեմել Քարամոլլաօղլուն կոչ էր արել երկրի ղեկավարությանը քայլեր ձեռնարկել Իսրայելի դեմ։