Ի՞նչ թելեր են փնտրում «Հոկտեմբերի 27»-ի գործում
Երեկ հոկտեմբերի 27-ի 24-րդ տարելիցն էր։ Սովորականի պես մարդիկ հավաքվում էին Եռաբլուրում, Պանթեոնում, կամ էլ Ազգային ժողովի հուշարձանի մոտ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու ահաբեկչական ակտի հետևանքով սպանված սպարապետ Վազգեն Սարգսյանին, Ազգային ժողովի նախագահ՝ Կարեն Դեմիրճյանին և այլ պաշտոնյաների։
Հատկապես զոհերի հարազատների և հանրության ամենակարևոր հարցը մինչ օրս այն է, թե այսպես կոչված հեղափոխությունից 5 տարի անց ինչու՞ չի բացահայտվում հոկտեմբերի 27-ը։
2019 թվականին կազմակերպիչների մասով գործը վերաբացվել էր, սակայն մինչ օրս 4 տարվա քննությունից հետո որևէ մեղադրյալ չկա։ Գլխավոր դատախազությունից միայն հայտնել են, թե ահաբեկչության հանգամանքները պարզելու, ինչպես նաև գործի բազմակողմանի լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով կատարվում են վարութային և ապացուցողական գործողություններ։ Վերջին մեկ տարում հարցաքննվել են, լրացուցիչ են հարցաքննվել մի քանի տասնյակ անձինք, առգրավվել են բազմաթիվ պաշտոնատար անձանց անձնական գործեր, ինչպես նաև դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող քրեական վարույթներ, որոնք գտնվում են ուսումնասիրության փուլում, ընդամենը կազմվել է քննության պլան։
Սովորաբար հոկտեմբերի 27-ի տարելիցը գործող վարչախմբի համար առիթ է՝ տարին մեկ ակնարկներ անելու, նախկիններին ևս մեկ անգամ անհասցե մեղադրելու համար։ Որոշ շրջանակներ՝ տառապանքը դեմքին, հայտարարում են, թե գործը բացահայտված չէ, խորիմաստ դեմքով ասում, թե որտեղից են տանում թելերը։ Այս տարի ուրիշ երանգ էին տվել՝ հաշվի առնելով հայ-ռուսական լարված հարաբերությունները։ Փորձում էին ակնարկներով հասկացնել, թե կա արտաքին, հատկապես՝ ռուսական հետք։ 24 տարվա ընթացքում նման ակնարկներ բազմիցս են եղել, հայտնի Լիտվինենկոյի հայտարարություններն ու հանելուկային մահն էլ Լոնդոնում յուղ էին լցրել կրակին։ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի վրա ճնշում բանեցնելու համար, ուղիղ հրահանգ է տվել, որ դատախազությունը նման անբովանդակ հայտարարությամբ հանդես գա, իսկ Հոկտեմբերի 27-ով մշտապես սպեկուլյացիաներով զբաղված անձինք էին հաճույքով կուլ տվել այդ խայծը։
Դավիթ Մանուկյան