Ինչու է տարվա այս սեզոնին եղանակը այսքան տաք ու դեռ որքան կպահպանվի. Սուրենյանը մանրամասնում է
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի վստահեցմամբ՝ պետք չէ զարմանալ տարվա այս եղանակին նման բարձր ջերմային ֆոնի համար, քանի որ վերջին վեց տարվա ընթացքում թե՛ հոկտեմբեր, թե՛ նոյեմբեր ամիսները մեր երկրում այսպես է արտահայտվում կլիման:
«Այս պահին օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում նորմայից բարձր է 5-6 աստիճանով, և սա համարվում է անոմալ բարձր ջերմաստիճան: Բայց քանի որ վերջին տարիներին կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով սա կրկնվող երևույթ է դարձել, այս պարագայում անոմալիա որակելը սխալ կլինի։ Պետք է ասեմ, որ Հարավ-արևմտյան տաք օդի ալիքը, որը ներթափանցել է մեր հանրապետության տարածք, պահպանվելու է մինչև նոյեմբերի 10-ը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Ըստ Սուրենյանի՝ միան նոյեմբերի 1-3-ը ջերմաստիճանը փոքր-ինչ փոփոխության կենթարկվի, առանձին հատվածներում կլինեն տեղումներ, իսկ նոյեմբերի 4-ից հետո սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մթնոլորտի շրջանառական պրոցեսների վերլուծությունը ցույց է տալիս, որ ցուրտ օդի ներխուժում այս օրերի ընթացքում չի լինելու․ «Յուրաքանչյուր մարզ ունի իր նորմալ ջերմաստիճանը․ Շիրակի համար դա +18-ն է, Արարատի համար՝ +25-ը։ Հանրապետության ամենատաք հատվածներն են Արարատյան դաշտը, Սյունիքի հովիտները, Տավուշի ցածրադիր հատվածները»։
Խոսելով նման տաք եղանակի՝ գյուղատնտեսության վրա հնարավոր ազդեցության մասին՝ Սուրենյանը նկատում է՝ գյուղատնտեսությունը ադապտացվել է այս ջերմաստիճանին․ «Հոկտեմբերին տեղումների քանակը նորմայի մոտ է եղել և մի փոքր ավելի։ Իրականում այս եղանակը աշնանացանի համար լավ է, երկարացնում է վեգետացիայի շրջանը։ Արարատյան դաշտում դեռ բերքահավաք է, որը նպաստում է գյուղատնտեսական աշխատանքները չշտապելով կատարելուն»։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալի փոխանցմամբ՝ ձմռանը սպասվող եղանակի մասին դեռևս կանխատեսումներ անելու համար էլ վաղ է: