Լևոն Քոչարյանի քաղաքական հայտը
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին, այսօր պետք է ազատ արձակեն, նրան բաժին է հասել Արմեն Չարչյանի հրաժարականից հետո թափուր մնացած մանդատը։ Չարչյանից հետո երեք թեկնածուներ հրաժարվելու դիմում ներկայացրեցին, և այժմ հերթը Լևոն Քոչարյանինն է, որը ամսից ավելի կալանավորված է։ Նրան մանդատ շնորհելը, բացի րոպեական կիրառական հարց լուծելուց՝ բանտից հանելուց, քաղաքական առումով էլ հետաքրքիր բանի կարող է բերել։
Ըստ էության, Լևոն Քոչարյանը վերջին տարիներին, հատկապես իր հոր ձերբակալությունից հետո, զգալի աճել է քաղաքական առումով, կարող է քաղաքական դաշտում ուշագրավ ֆիգուր դառնալ, փոխարինել ընդհուպ հորը։
Բազմաթիվ փորձագետներ արձանագրում են փաստը, որ Լևոն Քոչարյանը բավականին զուսպ է, սակայն արագ կողմնորոշվում է, ի տարբերություն անատամ և պայքարի կամքից զուրկ «Հայաստան» դաշինքի այլ պատգամավորների, ակտիվ է, նախաձեռնող։ Պատահական չէ, երբ քաղաքապետի թեկնածուների մասին էին խոսում, իր անունն էլ էր հնչեցվում։ Ժամանակին նրան դրեցին ցուցակի 50 համար այն հեռանկարով, որ եթե դաշինքը հաղթեր՝ Լևոն Քոչարյանը կմտներ քաղաքական դաշտ՝ մանդատով։
Լևոն Քոչարյանն այն դեմքերից է, ով 2020 թվականից հետո բոլոր քաղաքական ակցիաներին մասնակից է, դիմադրության օջախներ ձևավորելու, փողոցներ փակելու, այդ առումով էլ լուրջ տեխնոլոգիաները կարողանում էր գետնի վրա իրագործել։ Դրանով էր պայմանավորված, որ իշխանությունը բռնեց նրան՝ մի կողմից փորձելով ուղղակի ցավեցնել Ռոբերտ Քոչարյանին, մյուս կողմից՝ ցույց տալով, որ Ռոբերտ Քոչարյանն ուղղակիորեն մասնակցում է ընդդիմության բողոքի կազմակերպմանը, թեև նախկին նախագահը որոշակիորեն իրեն հեռու էր պահում զարգացումներից, չհաշված երբեմն ակցիաներին անձամբ մասնակցում էր։
Եթե Լևոն Քոչարյանը հայտնվի խորհրդարանում, սա լուծում է նաև քաղաքական հարց, նրա հայտնվելը ԱԺ-ում, դե յուրե, քաղաքական հայտ է՝ որոշակի կարգավիճակով։ Ամեն դեպքում, դառնում է ընդդիմության լիդերության օջախ, բնականաբար, նաև լինելու է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը խմբակցությունում։
Սա որոշակի տրանսֆորմացիաներ է առաջացնում «Հայաստան» դաշինքում, որը վաղուց վերածվել է անատամ միավորման, ոչ էլ կարողանում է լուրջ ընդդիմադիր պայքար մղել։ Անգամ եթե հավատանք իշխանության աբսուրդ մեղադրանքներին՝ Լևոն Քոչարյանը ընդունակ է չորս-հինգ կարմիրբերետավորի ծեծել, դա լրացուցիչ դրական էֆեկտ է փոխանցում նրա կերպարին։
Կարեն Վարդանյան