Ինչո՞վ է զբաղված «Ապրելու երկիրը». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը չհաղթահարեց անցողիկ շեմը, ինչը շատերի համար անակնկալ էր: «Փաստը» փորձեց ճշտել՝ ի՞նչ տրամադրություններ ու պրոցեսներ են այսօր կուսակցությունում: «Մենք բազմաթիվ համայնքներում հաղթել ենք, շատերում նշանակալի ներկայացվածություն ապահովել։ Երևանը ևս Հայաստանի համայնքներից է, որտեղ այս փուլում «Ապրելու երկիրը» որոշակի անակնկալ անհաջողություն է ունեցել օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, սակայն քաղաքական գործունեությանը երբեմն բնորոշ են անակնկալները»,- «Փաստի» հետ զրույցում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
Հարցնում ենք՝ արյդուամենայնիվ, ընտրություններից հետո ինչպիսի՞ զարգացումներ են կուսակցության ներսում։ «Նորմալ, առողջ ներկուսակցական մթնոլորտ է, քննարկումների և կուսակցական կառույցների ակտիվացման փուլում ենք։ Հաղթանակները հնարավորություն են՝ ցուցադրելու կառավարման հմտությունները և հնարավորությունները, ինչը մենք արել ենք այն համայնքներում, որտեղ ընտրությունների արդյունքներով ստանձնել ենք կառավարումը, իսկ պարտություններն ու անհաջողությունները շանս են վերլուծելու թերություններն ու պատճառները»,- նշեց Առաքելյանը։
Մեր զրուցակցի խոսքերով, Երևանի ավագանու ընտրություններին իրենք փորձեցին տալ գլխավոր ուղերձը` ընտրությունների միջոցով հնարավոր է իշխանափոխություն իրականացնել, ինչն «Ապրելու երկիրը» հաջողությամբ իրականացրել էր այլ համայնքային ընտրությունների ժամանակ, պարզապես քաղաքական վայրիվերումներից հոգնած հանրությունը չգնաց ընտրությունների և հաջորդ օրը անակնկալի եկավ՝ տեսնելով ուղերձի իրավացիությունը։ «Վերլուծությունը ցույց է տալիս, որ բոլոր այն տեղամասերում, որտեղ քիչ թե շատ ակտիվ մասնակցություն է գրանցվել, «Ապրելու երկիրն» անհամեմատ բարձր քվեներ է ստացել»,-ասաց կուսակցության համահիմնադիրը։
Հարցին՝ կուսակցությունում տրամադրվածությունները փոխվե՞լ են ապագա գործընթացների նկատմամբ, Առաքելյանը պատասխանեց. «Բացարձակ, պատրաստվում ենք ապագա պրոցեսներին՝ միևնույն ժամանակ ակտիվ աշխատելով այն համայնքներում, որտեղ ունենք ներկայացվածություն»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում