Լավրովի հայտարարությունը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրասիական տնտեսական միությունը եւ Անկախ Պետությունների Համագործակցությունը դարձել են համաշխարհային տնտեսության ապադոլարայնացման գործընթացների լոկոմոտիվը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեսպանների կլոր սեղանի ընթացքում, որը նվիրված էր ուկրաինական կարգավորման թեմային, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Պարզ է, որ ապադոլարայնացման գործընթացի լոկոմոտիվների շարքում մենք տեսնում ենք այնպիսի միավորումներ, ինչպիսին են Եվրասիական տնտեսական միությունը եւ Անկախ Պետությունների Համագործակցությունը։ Այդ կառույցների շրջանակում ազգային արժույթների բաժինը հասել է 85-90 տոկոսի։ Նույնպիսի մակարդակի է հասնում նաեւ մեր ապրանքաշրջանառությունը Չինաստանի հետ»,- նշել է նա։
Լավրովը հիշեցրել է, որ օգոստոսին ԲՐԻԿՍ գագաթաժողովում (Յոհանեսբուրգ) բարձրացվել է ընդհանուր հաշվարկային պայմանական միավորի ստեղծման հարցը՝ ի հավելումն ազգային արժույթների։ «Գագաթաժողովում ընդունվել է որոշում, որը ֆինանսների նախարարներին եւ կենտրոնական բանկերի կառավարիչներին հանձնարարում է ուսումնասիրել այդ գաղափարը եւ առաջարկներ ներկայացնել այլընտրանքային պլատֆորմների մասին հաջորդ հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա մեկ տարի հետո Կազանում, երբ Ռուսաստանը լինի ԲՐԻԿՍ նախագահը»,- ավելացրել է Լավրովը։
Նա նաեւ նշել է այն որոշումը, որը վերջերս ընդունել ե Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի կառավարությունների ղեկավարները։ «Այս տարվա մայիսին նրանք ստորագրել են հռչակագիր տեղի արժույթներով հաշվարկներ վարելու եւ տարածաշրջանային վճարային համակարգերին միանալու մասին»,- ասել է նա։
«Սրանք բոլորն օրինակներ են, դրանք շատ ավելին են, որ մենք գտնվում ենք մեծ ճանապարհի սկզբին, եւ ապադոլարայնացման գործընթացները ավելի մեծ թափ կհավաքեն»,- ասել է արտաքին գործերի նախարարը։