Ազգային ժողովում վաղը թեժ է լինելու
Ազգային ժողովի խորհուրդն այսօր նիստ է գումարելու, քննարկելու վաղը մեկնարկող քառօրյայի հարցերի շրջանակը։ Իսկ արդեն երեկոյան Փաշինյանը խմբակցության բոլոր պատգամավորներին խորհրդակցության է հրավիրել հետագա անելիքները ճշտելու և հանձնարարականներ տալու համար։
Մասնավորապես Փարիզի խաղաղության համաժողովին մասնակցելուց և այնտեղ մի շարք հակառուսական հայտարարություններ անելուց հետո, Փաշինյանն այժմ ցանկանում է ճշգրտել իր բոլոր պատգամավորների «բերանի գոլը», հասկանալ, թե նրանցից, որի վրա կարող է հույս դնել՝ իր քաղաքականությունն առաջ մղելու հարցում։
Բանն այն է, որ ՔՊ-ում մի որոշ պատգամավորներ հրաշալի հասկանում են, թե ինչի կարող է հանգեցնել Փաշինյանի հակառուսական գիծը և հակված չեն առանձնապես անվերապահորեն կատարել նրա բոլոր հանձնարարությունները՝ գիտակցելով, որ ինչ-որ պահի Նիկոլ Փաշինյանն ու իր առավել մերձավոր անձինք կարող են փախչել Հայաստանից, իսկ իրենք ստիպված են մնալ և պատասխան տալ։
Մեկ այլ հարց էլ, մեր աղբյուրի փոխանցմամբ, որ Փաշինյանը մտադիր է քննարկել պատգամավորների հետ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի՝ Ազգային ժողով գալն է։ Վաղն արդեն՝ քառօրյայի մեկնարկին, Լևոն Քոչարյանը պետք է երդում տա և ստանձնի պատգամավորի կարգավիճակը։
ՔՊ մեր աղբյուրը հայտնեց, որ իշխող ուժը բավական ագրեսիվ է տրամադրված Լևոն Քոչարյանի նկատմամբ, նախ նորոգելու են նախկիններ, ներկաներ դիսկուրսը և նոր ագրեսիվ հռետորաբանութամբ հարձակվելու են ընդդիմության վրա։ Ավելին, եթե «Հայաստան» դաշինքն ու անձամբ Լևոն Քոչարյանը պատասխանեն, ապա չի բացառվում, որ բանը հասնի ընդհուպ մինչև ձեռնամարտի։
Բոլոր նախադրյալները կան, որ թվային գերազանցություն ունեցող իշխանությունը կփորձի նաև այս անգամ ևս իրականացնել աքացիներ տալու իր մտադրությունը։ Ընդսմին, մեր աղբյուրը նշեց, որ եթե իշխանության հակառուսական քաղաքականության հարցով ՔՊ-ում դեռևս տարաձայնություններ կան, ապա ընդդիմության դեմ բռնաճնշումների և բռնություններ իրականացնելու հարցում ՔՊ-ում բոլորը միակարծիք են և ատամները սրած սպասում են Լևոն Քոչարյանին։
Անահիտ Գաբրիելյան