Բաքվի հիստերիկ արձագանքը՝ Բորելի հայտարարություններին
Գրել ենք, որ նախօրեին Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խիստ նախազգուշացում է արել ադրբեջանական կողմին և հիշեցրել, որ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման ցանկացած փորձ վատ հետևանքներ կունենա և բացասաբար կազդի ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների որակի վրա։ Ադրբեջանի ԱԳՆ-ն այս ամենին արձագանքել է սպասելի ջղաձիգ հայտարարությամբ։
«Բորելի՝ Ադրբեջանին ուղղված մեղադրանքները միտումնավոր խեղաթյուրում են տարածաշրջանում իրողությունները․ դրանք բացարձակապես անհամարժեք և անընդունելի»,-ասվում է հայտարարության մեջ։
Բաքուն, ինչպես միշտ, «կրկին մեղադրել է հայկական կողմին՝ այսպես կոչված 30-ամյա ռազմական ագրեսիայի ու այլ հանցագործությունների մեջ՝ նշելով, որ այդ ամենի նկատմամբ Եվրամիությունը ոչ միայն անտարբեր է եղել, այլև մշտապես սատարել է Հայաստանին»։
«Հայաստանին արտահայտված աջակցությամբ լի հայտարարությունները և Ադրբեջանին ուղղված մեղադրանքները այս կառույցի կողմնակալության և երկակի ստանդարտների վառ օրինակ են», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Եվրամիության ջանքերը՝ աջակցելու Հայաստանի սպառազինմանը և ռազմականացմանը, ինչը խոչընդոտում է մեր տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, վկայում են նոր հակամարտությունների տանող քաղաքականության խրախուսման մասին, և դրա պատասխանատվությունն ընկնում է նաև ԵՄ-ի վրա։ Եվրոպական խաղաղության նախաձեռնությունն օգտագործելու ծրագրերը, որը ներառում է, մասնավորապես, ռազմական կարողությունների ուժեղացում, նպաստում են տարածաշրջանում լարվածության աճին:
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Ադրբեջանի հետ սպառնալիքների լեզվով խոսելն անընդունելի է, և ցանկացած ոչ բարյացակամ գործողություն ոչ միայն դրական արդյունք չի տա, այլև կստանա համարժեք պատասխան»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։