Գնացին վառելիքի հետևից՝ վառվեցին․ 4 զոհ մեկ ընտանիքում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վիկտորյան իր սիրելիի՝ Արտաշ Սարգսյանի հետ ամուսնացել է 2021 թվականին։ Վերջինս ծառայող էր։ Փոքր ընտանիքը մեծ երջանկություն ապրեց հատկապես առաջնեկի՝ Մելորայի ծնունդով։
MediaHub-ին Վիկտորյան պատմում է, որ մտքով անգամ չէր անցնի, որ շատ չանցած անցյալով է խոսելու իր ընտանիքի երջանիկ օրերի մասին։ Որ Արցախում պատերազմի հավանականության ռիսկը մեծ էր, ինքն էլ գիտակցում էր, իսկ զինվորական ամուսինը վերջին անգամ դիրք բարձրանալիս մոտավոր գիտեր՝ ինչ է սպասվում։
«Սեպտեմբերի 15-ին Արտաշի հերթափոխի օրն էր։ Ասաց՝ «Վիկա, հավաքիր փաստաթղթերը, երեխայի տաք շորերն ու անհրաժեշտ իրերը, սիրտս զգում է, որ բարձրանամ դիրքեր, կռիվ է սկսվելու, թշնամու կողմից կուտակումները շատ են։ Երբ սկսվի պատերազմը, պատրաստի իրերը կվերցնես ու կիջնես նկուղ»։ Ես ուշադրություն չեմ դարձրել... Սեպտեմբերի 19-ին Արտաշը Մարտակերտի դիրքերում էր, տեսազանգով խոսելիս գոռաց՝ «անջատիր կապը», ու լսեցի ուժեղ պայթյունի ձայնը։ Ես մտածեցի, թե կորցրեցի նրան։ Հետո այդ պայթյունի ձայները հասան Ստեփանակերտ ու ամենուր»,- հիշում է մեր զրուցակիցը։
Հետո կապն Արցախում ընդհատվել է ամբողջությամբ, քանի որ ադրբեջանական զինուժը ռազմագործողությունների առաջին րոպեներին ոչնչացրել է հեռահաղորդակցության աշտարակները։ 2 օր անց Արտաշը տուն եկավ։
«Գրկեցի, ուրախությունից լաց եղա, ասացի՝ «էս անգամ էլ փրկվեցիր, բայց քեզ կորցնելու վախ ունեմ», ասաց՝ «ես ձեզ մենակ չեմ թողնի»»,- պատմում է կինը։
Վիկտորյան իր մեծ ու համերաշխ ընտանիքի հետ հավաքել են անհրաժեշտ իրերը, պայմանավորվել՝ տեղահանությունից հետո որտեղ են ապաստանելու, ինչով են զբաղվելու։ Բայց, շատերի պես Սարգսյանների ընտանիքը ևս վառելիք չուներ։
«Ստիպված, Արտաշը, իր հայրը՝ Գրիշան, եղբայրը՝ Արկադին և իմ հայրը՝ Վիտալի Աբրահամյանը, ամբողջ քաղաքում վառելիք էին փնտրում։ Սկեսրայրս անգամ ասել է՝ «տղերք, մինչև բենզին չգտնենք, տուն գնալ չկա»։ Սեպտեմբերի 25-ին հազիվ կապ եմ հաստատել Արտաշի հետ, կցկտուր խոսել, ձայնը լսել, հասկացել եմ, որ վառելիք արդեն գտել են․ դա մեր վերջին խոսակցությունն էր։ Կես ժամ անց տեղի ունեցավ վառելիքի պահեստի դեպքը։ Հեռվից բարձրացող սև, թանձր ծուխը տեսել ու չեմ հասկացել, որ այդտեղ իմ հարազատներն են մոխրանում»....
Երբ արդեն ամեն ինչ պարզ էր, Վիկտորյայի ընտանիքը հասկացել է, որ իրենց տղամարդիկ ևս եղել են աղետի վայրում։
«Դժվար էր այդ անորոշության մեջ կողմնորոշվել, բայց պիտի դուրս գայինք։ Եկանք, այստեղ սկսեցինք որոնումները։ Մի քանի օր անց հաստատվեցին հորս ու սկեսրայրիս ԴՆԹ-ները, հետո Արկադիի, վերջում՝ Արտաշի։ Բոլորը հուղարկավորվեցին այստեղ։ Իրենք գնացին՝ թողնելով չդադարող ողբ, չսպիացող վերք, չբուժվող ցավ։ Չգիտեմ, ինձ համար ամենացավալին, երբ 2 տարեկան Մելորկաս ասում ա՝ «մամա, օզում պապուն պենդ խտտիմ (ուզում եմ պապային պինդ գրկեմ)»։ Հիմա բալիկիս ո՛չ հայրը կա, ո՛չ պապիկները, ո՛չ սիրելի հորեղբայրը»,- պատմում է երիտասարդ կինը։
Հիմա արցախցի ընտանիքն ապրում է կրակի ճիրաններում մահացած հարազատների հիշողություններով։
Հիշում է, որ Արտաշը հաճախ էր ասում. «Վիկա՛, ինչքան երեխա էլ որ ունենանք, մի՛շտ իմացիր, քեզ եմ ամենաշատը սիրում, որ երեխաները սիրո ու ընտանեկան ջերմության մեջ մեծանան».... չհասցրեցինք»։
Հունան Թադևոսյան